Այսօր Մատենադարան են այցելել «Չարսանջակի Ավետարանի» նվիրատու Հելեն Դադայան-Փառնակյանը՝ ուղեկցությամբ դուստր Ռոքսան Մաքասջյանի, ով Ամերիկայում «The Genocide Education Project» ծրագրի համակարգողն է: Նա ամեն տարի Հայաստան է բերում 15-ից 20 ամերիկացի ուսուցիչների, որպեսզի յուրացնեն ցեղասպանության թեմայի դասավանդման և ամերիկյան տարբեր կրթական հաստատություններում մատուցման մեթոդիկան։
Ծրագրի շրջանակներում պատվիրակությունը Մատենադարանում աշխատաժողով-այցելություն է ունեցել, որի ընթացքում նախ վիրտուալ սրահում ծանոթացել են Մատենադարանի ու ձեռագրային հավաքածուների պատմությանը, դիտել տեսաֆիլմ։ Այնուհետև, հյուրերը շրջել են թանգարանի սրահներում՝ ծանոթանալով մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին։
Նվիրատուի պատվին Մատենադարանի պահոցից հատուկ հանվել ու ներկայացվել են Չարսանջակի և Զեյթունի Ավետարանները։ Փրկության ճանապարհ անցած ձեռագրերը տպավորել են օտարերկրյա հյուրերին։
Մատենադարանի ձեռագրերի վերականգնման բաժնում ամերիկացի ուսուցիչները մեծագույն հետաքրքրությամբ լսել են ռեստավրացիոն տեխնոլոգիաների մասին, ինչպես նաև, հետևել մշակման ու վերականգնման գործընթացին։
Ծրագրի շրջանակներում պատվիրակությունը այցելել է նաև ,,Ծաղկելու արվեստ,, մանրանկարչության ստուդիա, որտեղ վարպետաց դասեր են առել ու իրենց ձեռամբ թռչնագրերով փոքրիկ հուշանվերներ պատրաստել։
Ծրագրի ավարտին՝ նվիրատու Հելեն Դադայան- Փառնակյանը, հյուրերի հետ միասին հանդիպել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին, ում հետ համագործակցության շուրջ անմիջական զրույց է ծավալվել։