ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ

Մաշտոցյան Մատենադարանում այսօր մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն ընթանալու է հուլիսի 19-22-ը Մատենադարանում, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։

16 երկրից Հայաստան են ժամանել հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ` Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից, առաջատար համալսարանների ու գիտական կենտրոնների՝ Օքսֆորդի, Հարվարդի, Բոլոնիայի, Ժնևի, Սորբոնի, Համբուրգի համալսարանների հայագիտական ամբիոնների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Հայագիտական միջազգային կոնգրեսի բացման հանդիսավոր արարողության ողջույնի իր խոսքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է այն կարևոր ուղենիշները, որոնք նոր հեռանկարներ են բացում հայագիտական միասնական օրակարգի մշակման ու հանրահռչակման համար։ Կոնգրեսը կարող է դառնալ կարևոր հարթակ, որտեղ բարձրաձայնված հարցերը և ձևակերպված օրակարգերը կողմնորոշիչ լինի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում հայագիտության ոլորտում պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինների համար։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայագիտական միջազգային կոնգրեսի դերակատարությունը պետական քաղաքականության համատեքստում։ Նա նշել, որ աշխարհի հայագիտական կենտրոնների խնդիրներն առավել քան արդիական են, և ոլորտի զարգացման համար թիրախային նոր ուղղություններ սահմանելու անհրաժեշտություն կա։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է գիտության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարությունն ու առաջնահերթությունները։

Կոնգրեսի բացմանը ողջույնի խոսք է ասել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսը։

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Այնուհետև տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ու ԲԿԳԿ նախագահը պատասխանել են մասնակիցների հարցերին:

ՀՄԿ-ի շրջանակում զեկուցումները կշարունակվեն նաև վաղը:

Կիսվել