Արաբական ավանդական գրականությունը թերևս ամենածավալունն է աշխարհում։ Բրոկելմանի «Արաբ գրականության պատմության» երրորդ հավելվածը (1942թ․) պարունակում է մոտ 18 000 հեղինակի անուն և 25 000 անվանում։ Արաբերեն պահպանված ձեռագրերի թիվն աշխարհում, ըստ տարբեր աղբյուրների՝ 5-ից 12 միլիոն է։
Մատենադարանի արաբերեն ձեռագրերի հավաքածուն՝ շուրջ 1 800 նմուշով, ներկայացնում է գիտական բազմաթիվ բնագավառներ՝ փիլիսոփայություն, պատմություն, կրոն, իրավագիտություն, գրականություն, լեզվաբանություն, աշխարհագրություն, աստղագիտություն, թվաբանություն, տրամաբանություն, ճարտարապետություն, բժշկագիտություն, բնական գիտություններ։
Մատենադարանի արաբերեն ձեռագրերի գերակաշռող մաս են կազմում իսլամին նվիրված աշխատությունները՝ Ղուրաններ, Ղուրանի մեկնություններ (թաֆսիր), Մուհամմադ մարգարեի մասին պատումներ (հադիս), իսլամական իրավագիտության (ֆիկհ) վերաբերյալ գործեր։ Ձեռագրերի ևս մեկ ծավալուն խումբ էլ կազմում են լեզվաբանական աշխատությունները։
Հավաքածուի արժեքավոր ձեռագրերի շարքին է պատկանում Ղուրանի 5-րդ մասը, որի հետագայի հիշատակարանը վկայում է, որ այն գրվել է նախքան 1113-1114թթ․ (Հիջրայի 507թ․) և նվիրաբերվել է Դամասկոսի մզկիթներից մեկին։ Հավաքածուի հնագույն օրինակը մագաղաթյա պատառիկ է՝ 8-9-րդ դդ-ի, որը հատված է Ղուրանից։
Բացառիկ նմուշներին ծանոթանալու համար կարող եք այցելել Մատենադարանի Ալյալեզու ձեռագրերի ցուցասրահ։