ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ NAASR-ՈւՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ԱՄՆ գործնական այցի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 10-ին Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է NAASR-ի (Հայկական ուսումնասիրությունների ու հետազոտությունների ազգային ասոցիացիա) հոգաբարձուների խորհրդի անդամներին և գործադիր մարմնի ղեկավարներին:

Պատվիրակությանը ողջունել է կենտրոնի գիտական տնօրեն Մարկ Մամիկոնյանը: Ի պատիվ պատվիրակության` ներկաներին ցուցադրվեցին կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերը:

Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրեց Մատենադարանում տեղի ունեցող բարեփոխումները` հատկապես ընդգծելով Հայագիտական միջազգային կոնգրեսի նշանակությունը կառույցի միջազգային վերադիրքավորման գործում և շնորհակալություն հայտնելով NAASR-ին Մատենադարանի գիտաշխատողներին պարբերաբար տրամադրվող դրամաշնորհների համար:

Զեկուցումից հետո ցուցադրվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի մասին ֆիլմը, որից հետո տեղի է ունեցել քննարկում: Տնօրենը կարևորել է Սփյուռքի դերակատարությունը հատկապես Մատենադարանի հավաքչական աշխատանքներում:

«Բոլոր ժամանակներում հավաքչականությունը եղել է գերակայություն, և այդ առումով անցած մեկ տարին ևս եղել է արդյունավետ, որի վկայությունն է «1 տարվա Հավերժությունը» խորագրով նորաբաց ցուցադրությունը: Պատահական չէ, որ վերջին համալրումը նույնպես եղել է Միացյալ Նահանգներից, և տնօրենության հիմնական ակնկալիքը` մասնակցելն է ձեռագրերի «տունդարձի» ընթացքին»,- նշել է Արա Խզմալյանը:

Կիսվել