Արմենիա Վայն ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը Մատենադարանին է ընծայաբերել 1657թ.-ին գրված մեծարժեք Ավետարան:
Ավետարանը գրվել է 1657 թվականին Գանճա երկրի Շատախ գյուղում Յովհաննէս դպրի կողմից, ինչպես տեղեկանում ենք ձեռագրի հիշատակարանից: Ձեռագիրն ունի նոր կաշեպատ կազմ, որի վրա պահպանված են մետաղյա հին մասերը՝ կոստղապատ շրջանակները. առաջին փեղկի կենտրոնում ճաճանչապսակի մեջ է ներկայացված Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին (բարձրաքանդակ, ոսկեզօծ արծաթ): Երկրորդ փեղկը զարդարում է Ավետարանչի պատկերը (հարթաքանդակ, ոսկեզօծ արծաթ):
300 թղթյա թերթերից բաղկացած Ավետարանը զարդարում են հարուստ գունապնակով ներկայացված չորս Ավետարանիչների պատկերները և վերջիններիս կիսախորան-անվանաթերթերը, ինչպես նաև մատյանի էջերում տեղ են գտել մի շարք բարձրաճաշակ լուսանցազարդեր և զարդագրեր: Մանրանկարները, որոնք զարդարում են Ավետարանի էջերը, 17-րդ դարի մեր ժողովրդական արվեստի հիանալի նմուշներ են: Թեև ժամանակի ընթացքում ձեռագիրը խոնավություն է տեսել, սակայն նորոգվել է և ամրակայվել:
Գիտական արժեքի առաջին կարևորությունը պատմական Գանձակի գավառում գրված լինելն է, որտեղից մեզ են հասել եզակի գրչագիր մատյաններ: Իսկ Շատախ գյուղը 17-րդ դարում հայտնի է եղել որպես հայկական գրչության կենտրոն, և այս ձեռագիրը գալիս է հաստատելու և լրացնելու մեր այս գրչօջախում կերտված ձեռագրական ժառանգությունը: