ՃԱՇՈՑ ԾԻՍԱՄԱՏՅԱՆՆԵՐ

Հայերեն ձեռագրական ժառանգության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Ճաշոց ծիսամատյանները, որոնք հայտնի են նաև Տոնամակ, Տոնանամակ, Տարեգիրք անուններով: Ճաշոցը բովանդակում է ընթերցումներ Աստվածաշնչից (Հին և Նոր Կտակարաններ), ինչպես նաև տերունական տոներին նվիրված ճառեր և սրբերի վարքեր, որոնք ամեն օրվա կարգով ընթերցում են Եկեղեցում աստվածպաշտության ժամանակ: Քանի որ այս ծիսամատյանը հիմնականում կարդացվում է Ճաշու ժամերգության ընթացքում, ուստի կոչվում է Ճաշոց:

Ավանդաբար համարվում է, որ Ճաշոցը կազմել է Երուսաղեմի առաջին պատրիարք Հակոբոս Տյառնեղբայրը: Հայկական Ճաշոցը Երուսաղեմի հունարեն Ճաշոցի թարգմանությունն է, սակայն հետագայում Հայ Եկեղեցու հայրապետների կողմից լրացվել է: Հայկական Ճաշոցի կազմավորման գործընթացում մեծ դեր ունեն հատկապես Հայոց կաթողիկոսներ Հովհան Օձնեցին (8-րդ դար), Գրիգոր Վկայասերը (11-րդ դար), Ներսես Շնորհալին (12-րդ դար): Ճաշոցն ունի տոնացուցային կառուցվածք. այն սկսվում է հունվարի 6-ով՝ Սուրբ Ծննդյան տոնի ընթերցումներով: Տերունական տոների կողքին իրենց ընթերցվածներով սահմանված են նաև տոներ՝ նվիրված Հայ Եկեղեցու մեծագույն սրբերին և վկաներին:

Ճաշոցները լինում էին նաև պատկերազարդ։

Կիսվել