
Ժամանակի սղության և տեխնիկական խնդիրների պատճառով Մատենադարանին չէր հաջողվել մասնակցել ս.թ. հունիսի 11-ին Ֆրանսիայում կայացած աճուրդին, ուր վաճառքի էր հանված հանրահայտ Սամուելյան գրատան ձեռագիր և տպագիր նմուշների հավաքածուն:
Մատենադարանի տնօրենը բազմիցս է նշել գրավոր ժառանգության սեփականատերերի հետ ուղղակի բանակցությունների կարևորությունը:
2025թ-ի հուլիսի 31-ին Կարապետ Եսայանի ընտանիքը, որ մասնակցել էր նշյալ աճուրդին և ձեռք բերել հնատիպ գրքեր, նվիրաբերեց դրանք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին:
Այս քայլը կարևոր է ոչ միայն Մատենադարանի հավաքածուների համալրման տեսակետից, այլև ունի զգալի բարոյական նշանակություն և կարող է համարվել իբրև յուրատեսակ ուղերձ համայն հայությանը՝ միանալու Մատենադարանի նախաձեռնած «Մատյանների տունդարձը» արշավին:
Մատենադարանի տնօրենությունը խորին երախտագիտություն է հայտնում Եսայանների ընտանիքին՝ ազգային մշակույթի հանդեպ նման բարձր վերաբերմունքի համար:


