
Գրիչը, ստացողը Մաքենոցաց վանքի հայտնի գրիչ Ալեքսանոս աբեղան է, ծաղկողը՝ Սահակ աբեղան:
Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում Ավետարանը ցուցադրվել է Գավառ քաղաքում։
Ավետարանի մագաղաթը պատրաստված է նուրբ կաշվից։ Նման գրանյութի վրա գրելը բավականին դժվար էր և գրչից մեծ հմտություն էր պահանջվում։ Ինչպես ցույց է տալիս ձեռագրի ուսումնասիրությունը, Ալեքսանոսին օգնել է տեր Եզեկիելը, նա արտագրել է միայն մեկ թերթ, որն ավելի նուրբ էր քան ձեռագրի մյուս թերթերը։ Ավետարանի գրիչ Ալեքսանոս աբեղան, խուսափելով թանաքի՝ թերթի մյուս երեսը թափանցելու վտանգից, հավանաբար, խնդրել է այդ թերթի բնագիրն օրինակել իրենից հմուտ գրիչ վարպետ Եզեկիելին, որն էլ մատյանի այդ մի թերթի բնագիրն արտագրել է գեղեցիկ, վարժ բոլորգրով, շատ պարզ և ընթեռնելի՝ առանց թանաքի ճապաղման։ Ալեքսանոսը մատյանը ավարտում է սուրբ Աստվածածնի և Հայր Սողոմոնի գերեզմանի հովանու ներքո՝ ի հիշատակ ծնողների, իր և հարազատների։
Բոլորգրով, մագաղաթի վրա գրված մատյանը տարիներ անց գրչի խնդրանքով Սահակ աբեղան նկարազարդվել է Սևանավանքում։ Վերջինս տեղում, Դանիել րաբունապետի վարդապետարանում ուսանել է գրչության արվեստ, հմտացել է մանրանկարչության մեջ ։
Սահակ աբեղայի ծաղկած ձեռագրերից միայն այս մեկն է հասել մեզ, որի հիշատակագրությունում ասվում է. «Ծաղկեցավ Աւետարանս ի Տանս Գեղամա, ի Սուրբ Ուխտս Սեւան, ընդ հովանեաւ Սուրբ Առաքելոցս, առաջնորդութեամբ Դանիէլ վարդապետին եւ Գրիգորիս եպիսկոպոսի, ձեռամբ փծուն եւ անարժան, սուտանուն աբեղա (որ) Սահակ կոչի, ի խնդրոյ տէր Ալեքսանոս ճգնաւոր աբեղայի…ի թվականիս ՋԾԳ (1504)»։ Վարպետորեն նկարազարդված Ավետարանում այժմ մնացել են միայն Մատթեոս և Ղուկաս ավետարանիչների նկարները, ինչպես նաև, գեղեցիկ լուսանցագորգերով, զարդագրերով գրված էջերը։
Մեքենիսում են ընդօրինակվել մեզ հայտնի ևս 5 Ավետարան։

