ՔԱՐՈԶԳՐՔԵՐ

Ձեռագրական և մատենագրական գանձարանում իրենց յուրահատուկ տեղն ունեն քարոզգրքերը, որոնք քրիստոնեական տարբեր տոների առիթով գրված քարոզների ժողովածուներ են։ Դրանք անդրադառնում են եկեղեցական օրացույցում տեղ գտած տոներին, նրանց նշանակությանը, պարունակում են ջատագովական, մեկնողական, բարոյախրատական, ճանաչողական խնդիրներ, երբեմն էլ ունեն ներբողական բնույթ, որոնցում կարելի է հանդիպել ոչ միայն պարզ բացատրությունների աղոթքի, ընտանիքի, եկեղեցու, հավատի և այլնի մասին, այլև դավանաբանական լրջագույն հարցերի քննարկման։ Քարոզի և քարոզների ժողովածուների նպատակը քրիստոնյաների կյանքում և գիտակցության մեջ Քրիստոսի ներկայությունը կենդանի պահելն է։

Մատենադարանում պահվող մատյաններում մեզ են հասել տարբեր դարերում գործունեություն ծավալած գրիչների քարոզներ, ճառեր, խրատներ։ Հայտնի են Եսայի Նչեցու, Տիրակուր Կիլիկեցու, Հակոբ պատրիարք Նալյանի, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի, Պետրոս Աղամալյան-Բերդումյանի քարոզները։ Բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում հայ մատենագիր, աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ Սբ. Գրիգոր վարդապետ Տաթևացու (1346-1409թթ․) «Քարոզգրքերը» երկու ստվար հատորներով՝ «Ձմերան» և «Ամարան»։

Դրանք պահպանվել են բազմաթիվ ձեռագիր օրինակներով, նաև՝ առանձին քարոզներ պահպանվել են ձեռագիր տարբեր ժողովածուներում։ Սբ Գրիգոր Տաթևացին երկնել է քարոզխոսության, հռետորական արվեստի փայլուն նմուշներ։

Քարոզգրքերը հայ հոգևոր կյանքում առավել լայն կիրառություն են ստացել «յոթնալոյս և եռամեծար վարդապետ» Սբ Գրիգոր Տաթևացու ապրած ժամանակներից սկսած։

Մաշտոցյան Մատենադարանում 5175 համարի տակ պահվող այս ձեռագիրը մեծարժեք յուրօրինակ «Քարոզգիրք» է՝ գրված Վարագում 1418թ-ին Նիկողայոս քահանայի (ենթադրաբար Կարապետ) կողմից։ Ձեռագիրը կազմված է 415 թերթից, գրված է միասյուն, բոլորգրով, կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ։

Կիսվել