ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՇՈՇԱՓԵԼՈՎ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ. ԱՄԵՆՔԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Մատենադարանի զարգացման ծրագրի դրույթների համաձայն՝ ցուցադրական գործունեության կարևոր ուղղություններից մեկը ներառականությունն է։ Հայ օգնության ֆոնդի «Այո» ֆոնդահայթայթման հարթակի, ինչպես նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավորությամբ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության գործակցությամբ և համադրմամբ փորձագետ Սիփան Ասատրյանի, միջնադարյան մանրանկարչական գլուխգործոցներն այսուհետև հասանելի կլինեն տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին։

Ինչպես նշեց տնօրեն Արա Խզմալյանը՝ սա ոչ միայն կառավարչական և մասնագիտական խնդիր է, այլև քաղաքակրթական հայտ։ Նրա խոսքով՝ հասարակությունների և ազգերի քաղաքակիրթ լինելու չափանիշներից մեկն էլ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և հասանելիության ապահովումն է։

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որոնք մեծապես կարևորեցին նախագիծը՝ ընդգծելով դրա նշանակությունը թե՛ մասնագիտական, թե՛ բարոյահոգեբանական և իրավական տեսանկյուններից։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Մատենադարանի թիմին և գործընկերներին ստեղծագործական ջանքի և արժեքավոր արդյունքի համար. «Այսօրինակ նախաձեռնությունների շնորհիվ Մատենադարանի հատկապես թանգարանային հատվածն առավել տեսանելի է դառնում մեր հանրային և մշակութային կյանքում, և մենք անընդհատ Մատենադարան վերադառնալու առիթներ ենք ունենում»:

Ծրագիրն ամփոփեց «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի մասնակից Արեգ Գալստյանը՝ Կոմիտասի երգերի կատարումով։

Կիսվել