«ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ»․ BIBLIOTECA NACIONAL DE ESPAÑA ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ 2026թ․-ի մարտի 26-ին բացված ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան գրադարանի տնօրեն Օսկար Արոյո Օրտեգան, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը։

Գրադարանի տնօրենը մասնավորաբար նշեց, որ հայկական հազարամյա այս հարստությունը ժողովուրդների միջև մշակութային հաղորդակցության գործնական օրինակ է, որը տանում է դեպի հիշողության ինստիտուտների առաջխաղացում և զարգացում։

Արա Խզմալյանը մասնավորաբար նշեց․ «Այս ցուցադրության խորագիրը՝ «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը», լիարժեք արտահայտում է ցուցադրվող մատյանների իմաստը։ Եթե աշխարհագրական քարտեզները ցույց են տալիս տարածքներ և սահմաններ, ապա այս ձեռագրերը բացում են տարածքներն ու սահմանները, ներկայացնում են մեկ այլ՝ հոգևոր քարտեզ, որտեղ սահմանները ոչ թե պետություններ են, այլ հատվող արժեքները»։

Բացման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի մշակութային գործիչները, պաշտոնատար անձինք, գործարարներ, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց համար կազմակերպվել է առանձին շրջայց։

Ցուցադղրոթյան համադրողն է Իվեթ Թաջարյանը։ Ցուցադրությունը կգործի մինչև 2026թ․-ի հունիսի 21-ը։

Հայ գրավոր ժառանգության միջազգայնացումը շարունակելու է մնալ Մատենադարանի տնօրենության առաջնահերթությունը։

Կիսվել