Մատենադարանի արխիվագիտության բաժինը, աշխա­տա­կիցների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ, պատրաստում է Կաթողիկոսական դիվանի և անմշակ անհատական ֆոնդերի և հավաքածուների՝ գիտական նոր սկզբունքներով մշակումներն ու նկարագրությունները։ Բաժնի հիմնական առաքելությունը Մատենադարանի արխիվային ֆոնդերի և հավաքածուների նկարագրություններն են։ Նկարագրությունը աշխատանքի վերջնական, ավարտական փուլն է։ Դրանից առաջ նյութերը, ըստ հավաքածուների, ենթարկվում են ժանրային բաժանումների, դասավորվում ժամանակագրորեն, հաշվառվում են և մշակվում, նկարագրվում են, համարակալվում, այնուհետև՝ ծրարավորվում։ Հավաքածուների նկարագրություններից բացի բաժնի աշխատակիցները կատարում են նաև գիտական աշխատանքներ, հրապարակում են հոդվածներ և մենագրություններ, ունեն գիտական թեմաներ, պատրաստում են ատենախոսություններ։

2022 թվականին, Մատենադարանի արխիվում պահվող Ադանայի Հայոց Առաջնորդարանի գործավարական մատյանների հիման վրա, Արխիվագիտության բաժինը Անթիլիասում հրատարակեց «Ատենագրութիւն Քաղաքական ժողովոյ Ատանայի. սկիզբ՝ 2 Մարտ 1905, վերջ՝ 10 Ապրիլ 1915» բնագիրը՝ բաժնի վարիչ Ա. Մալխասյանի համահեղինակությամբ և խմբագրությամբ, Ա. Աստոյանի, Ա. Ավետիսյանի, Ս. Ֆահրադյանի, Լ. Դ. Դավթյանի մասնակցությամբ։ Ատենագրությունները Ադանայի Հայոց Թեմի առաջնորդության ներքո ապրող բնակչության ազգային կյանքն արտացոլող և ադանահայության ժողովրդավարության մակարդակի մասին վկայող բացառիկ փաստագրերից են։

2023 թվականին Բաժինը Մայր Աթոռում հրատարակեց «Ցուցակ Կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» աշխատության Ա հատորը՝ բաժնի վարիչ Ա. Մալխասյանի համահեղինակությամբ և խմբագրությամբ, Ն. Մարտիրոսյանի, Ա. Ասատրյանի, Լ. Ստեփանյանի մասնակցությամբ։ Հատորում ընդգրկված են 1-ից 7 թղթապանակների 413 վավերագրերի նկարագրություններ՝ սահմանված 38 կետից բաղկացած հարցակարգի համաձայն։ Հրատարակության է պատրաստ հերթական Բ հատորը, ինչպես նաև աշխատանքներ են տարվում Գ հատորում ընդգրկված հայերեն և ռուսերեն լեզուներով վավերագրերի նկարագրությունների ուղղությամբ։

Ներկայումս գիտական նոր սկզբունքներով մշակված անհատական ֆոնդերից հետազոտողների տրամադրության տակ են դրված Սիրափի Տեր-Ներսիսյանի, Հակոբ Մանանդյանի, Նորայր Բյուզանդացու, Սամսոն Լալաֆարյանի, Լեոյի, Զարուհի Պահրիի, Լևոն Խաչիկյանի, Ստեփանոս Մալխասյանցի, Աշոտ Աբրահամյանի, Գոհարիկ Ղազարոսյանի, Հռիփսիմե Թայիրյանի, Շավարշ Սմբատյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի անհատական ֆոնդերը, ինչպես նաև Արշակ Ալպոյաճյանի արխիվային ֆոնդում եղած մամուլի բաժինը (4597 միավոր մամուլի կտրոններ և պարբե­րականներ՝ դասավորված ըստ թեմաների): Անհատական ֆոնդերը մշակում են բաժնի աշխատակիցներ Ա. Բոյաջյանը, Ա. Աստոյանը, Ս. Ֆահրադյանը, Մ. Քաշիշյանը, Գ. Ավագյանը, Տ. Շահբաթյանը, Մ. Մարտիրոսյանը, Վ. Աբգարյանը։ Արխիվագիտության բաժնի աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքների արդյունքում հանրահռչակվում, գի­տա­կան շրջանառության մեջ են դրվում նորանոր աղբյուրներ և տեղեկություններ՝ դրանով իսկ դյուրացնելով փաստաթղթերի հետազոտության գործընթացը:


Բաժնի վարիչ՝ Արմեն Մալխասյան
պատմական գիտությունների թեկնածու
Հեռախոս՝ (010) 513020, ներքին` 1-48

Կիսվել