ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

Մաշտոցեան Մատենադարանի կարևորագույն խնդիրներից մէկը ձեռագրերի գիտական մանրամասն նկարագրութիւնն է՝ ձեռագրերի «Մայր» (հիմնական, գլխաւոր, մանրամասն) ցուցակի պատրաստումը եւ հրապարակումը. այս ցուցակի շնորհիւ ձեռագրերի պարունակած պատմա-մշակութային բոլոր տեսակի արժէքները եւ արժանիքները դրւում են գիտական շրջանառութեան մէջ:
   Մատենադարանում ձեռագրերի նկարագրութեան աշխատանքներ կատարուել են հաստատութեան պատմութեան ամբողջ ընթացքում։ Քսաներորդ դարի 60ական թուականներին, գիտական բուռն քննարկումներից յետոյ, ձեռագրերի պարունակած նիւթերն արագ ճանաչելի-մատչելի դարձնելու նպատակով, որոշուեց պատրաստել նախ համառօտ մի ձեռագրացուցակ, որի առաջին հատորը լոյս տեսաւ 1965 թ., երկրորդը՝ 1970ին։ Այդ հատորները կազմել են Օննիկ Եգանեանը, Անդրանիկ Զէյթունեանը եւ Փայլակ Անթաբեանը, խմբագրել են Լեւոն Խաչիկեանը եւ Ասատուր Մնացականեանը։ Այս երկհատորով եւ 2007 թ. տպագրուած յաւելուածային մի հատորեակի լրացումով, հայագիտական հանրութեանը մատչելի դարձաւ Մատենադարանի մօտ 11.100 ձեռագրի համառտ նկարագրութիւնը: Այս ցուցակի հիմնական արժանիքը փոքր ծաւալի մէջ Մատենադարանի խոշորագոյն հաւաքածուի պարունակութիւնը պատկերել կարողանալն էր, որ իրագործուեց մեծագոյն յաջողութեամբ:
   Համառօտ երկհատորեակի տպագրութիւնից անմիջապէս յետոյ գիտնականների նոյն խումբն սկսել է ձեռագրերի մանրամասն նկարագրութեան աշխատանքները:  1984 թ. աշնանը լոյս է տեսել նրանց տքնաջան գործի առաջնեկը՝ Մայր ցուցակի Ա. հատորը: Այժմ արդէն մասնագէտների սեղանին կայ «Մայր ցուցակի» ստուրածաւալ ութ հատոր. Ա. հատոր՝ ձեռ. Հմր 1-300, Բ. հատոր՝ ձեռ. Հմր 301-600, Գ. հատոր՝ ձեռ. Հմր 601-1000, Դ հատոր՝ ձեռ. Հմր 1001-1500, Ե. հատոր՝ ձեռ. Հմր 1501-1800, Զ. հատոր՝ ձեռ. Հմր 1801-2100, Է. հատոր՝ ձեռ. Հմր 2101-2400, Ը. հատոր՝ ձեռ. Հմր 2401-2700։ Այս հատորների թուային տարբերակները տեղադրուած են Մատենադարանի համացանցային կայքում. հետագայում տեղադրուելու են նաեւ հրատարակուող յաջորդ բոլոր հատորները:
   Ձեռագրերը նկարագրւում են Մխիթարեան միաբանութեան Վիեննայի ճիւղի գիտնական-միաբանների քննարկումների արդիւնքով դեռեւս 1890ականներին Յակովբոս վարդապետ Տաշեանի մշակած՝ 30 կէտ ունեցող հարցակարգով, որ Մատենադարանում վերամշակուել, վերախմբաւորուել եւ մի փոքր լրացուել է, իսկ հարցերն ու նրանց պատասխանները դասաւորուել են կարեւորագոյն տեղեկութիւններն անմիջապէս տեսանելի դարձնելու սկզբունքով: Ձեռագրի նկարագրությունն ունի երեք հիմնական մաս. արտաքին յատկանիշների, բովանդակութեան եւ գրչութեան ժամանակի ու հետագայ յիշատակարանների. այս եղանակով ձեռագրերն ընթերցողին ներկայացուած են թէ՛ որպէս նիւթական մշակոյթի, եւ թէ՛, առաւել եւս՝ հոգեւոր մշակոյթի յուշարձաններ։
   Հետազօտական-աշխատանքային այս խնդիրն իրագործում է «Ձեռագրագիտութեան եւ Մայր ցուցակի բաժինը», որ ժամանակին ղեկավարել են Ասատուր Մնացականեանը, ապա՝ Օննիկ Եգանեանը, յետոյ՝ Փայլակ Անթաբեանը, նրանից յետոյ՝ Յակոբ Քէոսէյեանը։ 2007 թուականից ի վեր Մատենադարանի գլխաւոր աւանդապահ, Ձեռագրագիտության և Մայր Ցուցակի բաժնի վարիչ Գէորգ Տէր-Վարդանեանի գլխաւորութեամբ այս կարեւորագոյն աշխատանքի մէջ ընդգրկուած են 25 երիտասարդ մասնագէտներ։
   Զուգահեռաբար նկարագրւում են Մատենադարանի Հայերէն ձեռագրերի հիմնական (11.230 միաւոր), Հայերէն պատառիկների (2.200 միաւոր) եւ Հայերէն ժապաւինաձեւ հմայիլների (530 միաւոր) հաւաքածուները։ Գիտական ընդարձակ նկարագրության են ենթարկվել առաջինի 7 հազարից ավելի ձեռագիր, երկրորդի՝ 100 եւ երրորդի՝ 150 միաւոր։ Սկզբնական նկարագրութեան փուլին յաջորդում է նոյն նկարագրութեան ստուգում-սրբագրումը, ապա՝ խմբագրումը (վերջին հատորները խմբագրել է Գէորգ Տէր-Վարդանեանը), հատոր առ հատոր հրատարակութեան պատրաստումը եւ անուանացանկերի կազմումը, որ այժմ անում է բանասէր Վարդան Դեւրիկեանը։ Մանրամասն եւ մեծ մասամբ ծանօթագրուած ցանկերը գիտական բազմազան եւ բազմատեսակ խնդիրների դիւրացման նպատակ ունեն։ Բոլոր հատորների մէջ կան հետեւեալ ցանկերը՝
Ա. Գրչութեան ժամանակագրական ցանկ.
Բ. Նախագաղափար եւ յետագայ յիշատակարանների ցանկ.
Գ. Նիւթերի ցանկ.
Դ. Տեղանունների ընդհանուր ցանկ.
Ե. Անձնանունների ընդհանուր ցանկ.
Զ. Գրչութեան վայրերի ցանկ.
Է. Գրիչների ցանկ.
Ը. Ծաղկողների ցանկ.
Թ. Կազմողների ցանկ.
Ժ. Պատուիրատու-ստացողների ցանկ.
ԺԱ. Մանրանկարների ցանկ.
ԺԲ. Կնքադրոշմների ցանկ.
ԺԳ. Գաղտնագրութիւն ունեցող ձեռագրերի ցանկ.
ԺԴ. Ի մի տփի ձեռագրերի ցանկ.
ԺԵ. Մետաղէ կրկնակազմեր, խաչեր եւ այլ զարդեր ունեցող ձեռագրերի ցանկ.
ԺԶ. Ձեռագրերի ընդհանուր աղիւսակ.
ԺԷ. Պատառիկ պահպանակների ընդհանուր աղիւսակ։
   Ցուցակի նախատեսելի ծաւալը շուրջ 40 հատոր է. հրատարակութիւնն իրագործւում է «Գալուստ Կիւլպէնկեան հաստատութեան» աջակցութեամբ:


ԳԷՈՐԳ ՏԷՐ-ՎԱՐԴԱՆԵԱՆ
Գլխաւոր աւանդապահ, Ձեռագրագիտության և Մայր Ցուցակի բաժնի վարիչ
6 Ապրիլի 2014 թ.

Ներբեռնել Ա. հատորը
(1-5000)
Ներբեռնել Բ. հատորը
(5001-10408)
Ներբեռնել Գ. հատորը
(10409-11077)

ՀԱՏՈՐ Ա.
(1-300 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել PDF-ը
ՀԱՏՈՐ Բ.
(301-600 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել PDF-ը
ՀԱՏՈՐ Գ.
(601-1000 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել PDF-ը
ՀԱՏՈՐ Դ.
(1001-1500 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել PDF-ը
ՀԱՏՈՐ Ե.
(1501-1800 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել Ե հատորը
Երևան, 2009
ՀԱՏՈՐ Զ.
 (1801-2100 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել Զ հատորը
Երևան, 2012
ՀԱՏՈՐ Է.
(2101-2400 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել Է հատորը
Երևան, 2012
ՀԱՏՈՐ Ը.
(2401-2700 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել Ը հատորը
Երևան, 2013
ՀԱՏՈՐ Թ.
(2701-3000 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել Թ հատորը
Երևան, 2017
ՀԱՏՈՐ Ժ.
(3001-3400 ձեռագրերի նկարագրությունները)

Ներբեռնել Ժ հատորը
Երևան, 2019

Կիսվել