Մատենադարանում հին ձեռագրերի ախտահանման, բուժման ու պահպանման գործընթացը՝ գիտական հենքով ու հիմքով, իրականացնում է Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների խումբը: Աշխատանքներն ընթանում են տարբեր ուղղություններով.

1․ Միջնադարյան թանաքների կառուցվածքների ուսումնասիրում, որի նպատակն է՝ թանաքների նույնականացումը, թթվային կոռոզիայի դեմ պայքարի միջոցների հայտնաբերումը և դրանց օգտագործումը  հայկական թանաքների չեզոքացման գործընթացում։

 2․ Ձեռագրերի մանրանկարների պիգմենտների ուսումնասիրման ուղղությունը նպատակ ունի նույնականացնել ներկերը, ամրակայման միջոցներ կիրառել վնասված մանրանկարների համար:

3․  Միկրոկենսաբանական ուսումնասիրություններն էլ ենթադրում են ձեռագրերում, վավերագրերում սնկերի և մանրէների բացահայտում։

4. Հակասնկային և հակամանրէնային նյութերի  ուսումնասիրման աղբյուրը միջնադարյան ձեռագրեր-բժշկարաններում առկա բաղադրատոմսերն են, որոնց ազդեցության հատկությունները մշակվում ու օգտագործվում են տարբեր սնկերի և մանրէների աճի կասեցման համար։  

Խմբի գործառույթների առանցքում է նաև Մատենադարանի ցուցասրահների, գրադարանի և այլ տարածքների սնկային վնասվածության վիճակի հսկողությունը և հակասնկային պայքարի միջոցառումների կազմակերպումը։


Խմբի ղեկավար՝ Գայանե Էլիազյան
քիմիական գիտությունների թեկնածու
Հեռ.` +374 (010) 513017, ներքին` 1-30

Կիսվել