Մաշտոցի անվան Մատենադարանի կարևորագույն խնդիրներից մեկը ձեռագրերի գիտական նկարագրությունն է՝ ձեռագրերի «Մայր» (հիմնական, գլխավոր, մանրամասն) ցուցակի պատրաստումը և հրապարակումը: Հետազոտական-աշխատանքային այդ խնդիրն է իրագործում «Ձեռագրագիտության բաժինը»:
Ձեռագրերի նկարագրությունն ունի երեք հիմնական մաս. արտաքին հատկանիշների, բովանդակության և գրչության ժամանակի ու հետագա հիշատակարանների. այս եղանակով ձեռագրերն ընթերցողին ներկայացված են թե՛ որպես նյութական մշակույթի, և թե՛, առավել ևս՝ հոգևոր մշակույթի հուշարձաններ: Ձեռագրերի նկարագրության համար կիրառվում է դեռևս 1890-ականներին Մխիթարյան միաբանության Վիեննայի ճյուղի Հակովբոս վարդապետ Տաշյանի կողմից մշակված 30 կետ ունեցող հարցակարգ, որը Մատենադարանում վերամշակվել, վերախմբավորվել և համալրվել է, իսկ հարցերն ու նրանց պատասխանները դասավորվել են կարևորագույն տեղեկություններն անմիջապես տեսանելի դարձնելու սկզբունքով: Սկզբնական նկարագրության փուլին հաջորդում է նույն նկարագրության ստուգում-սրբագրումը, ապա՝ խմբագրումը, հատոր առ հատոր հրատարակության պատրաստումը և անվանացանկերի կազմումը:
Համառոտ առաջին ձեռագրացուցակը լույս է տեսել 1965 թ., երկրորդը՝ 1970-ին։ Այս երկհատորով և 2007 թ. տպագրված հավելվածային մի հատորյակի լրացումով, հայագիտական հանրությանը մատչելի դարձավ Մատենադարանի մոտ 11.100 ձեռագրի համառոտ նկարագրությունը: Այս ցուցակի հիմնական արժանիքը փոքր ծավալի մեջ Մատենադարանի խոշորագույն հավաքածուի պարունակությունը պատկերել կարողանալն էր:
«Մայր ցուցակի» Ա. հատորը լույս է տեսել 1984 թ. աշնանը: Այժմ արդեն մասնագետների սեղանին դրված է «Մայր ցուցակի» ստվրածավալ տաս հատոր. Ա. հատոր՝ ձեռ. Հմր 1-300, Բ. հատոր՝ ձեռ. Հմր 301-600, Գ. հատոր՝ ձեռ. Հմր 601-1000, Դ հատոր՝ ձեռ. Հմր 1001-1500, Ե. հատոր՝ ձեռ. Հմր 1501-1800, Զ. հատոր՝ ձեռ. Հմր 1801-2100, Է. հատոր՝ ձեռ. Հմր 2101-2400, Ը. հատոր՝ ձեռ. Հմր 2401-2700, Թ. հատոր՝ ձեռ. Հմր 2701-3000, Ժ. հատոր՝ ձեռ. Հմր 3001-3400։ Հատորների թվային տարբերակները տեղադրված են Մատենադարանի կայքում:
Զուգահեռաբար նկարագրվում են Մատենադարանի հայերեն ձեռագրերի հիմնական (11.230 միավոր), հայերեն պատառիկների (2.200 միավոր) և հայերեն ժապավենաձև հմայիլների (530 միավոր) հավաքածուները։ Գիտական ընդարձակ նկարագրության են ենթարկվել առաջինի 7 հազարից ավելի ձեռագիր, երկրորդի՝ 100 և երրորդի՝ 150 միավոր։
Մայր ցուցակի նախատեսելի ծավալը շուրջ 40 հատոր է:


Բաժնի աշխատանքների համակարգող՝ Գուրգեն Գասպարյան
Հեռախոս՝ (010) 513029 ներքին՝ 1-97

Կիսվել