Մոսկվայի պատմության թանգարանում 2016 թ. մարտի 10-ին բացվել է «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսը, որտեղ Հայաստանի երեք խոշոր թանգարանները՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայաստանի պատմության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները 160 ցուցանմուշի միջոցով ռուս հանրությանն են ներկայացնում հայ ժողովրդի անցած ուղին և մշակութային արժեքները:
Մատենադարանի ցուցադրած նմուշներն այցելուներին լավագույնս ներկայացնում են հայ գրքարվեստի պատմությունը՝ 25 միավոր ձեռագրերի միջոցով: Մոսկվայի պատմության թանգարանում գործող «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում այցելուները կարող են տեսնել 1053 թ. Հ. Սանդղկավանեցու ծաղկած
«Ավետարանը», 1330 թ. կիլիկյան Ավետարան՝ հարուստ մանրանկարներով, Սարգիս Պիծակի նկարզադած 1337 թ. Աստվածաշուչը՝ գրված Հակոբ Բ կաթողիկոսի պատվերով, 1368 թ. ընդօրինակված «Աստվածաշունչը», որն առավել հայտնի է որպես Բոլոնիայի «Աստվածաշունչ», 1460 թ. Արճեշի դպրոցին պատկանող «Ճաշոցը», 1685-87 թթ. թվագրվող «Հայսմավուրքը», որի հարուստ մանրանկարների շարքում է նաև Գրիգոր Լուսավորչի պատկերը: Ներկայացված ձեռագրերի շարքում է նաև 17-րդ դարի շարակնոցը, որտեղ ցուցադրված է Հռիփսիմե կույսի պատկերը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև սույն թվականի հունիսի 13-ը: