ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԵՏ-ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ԱՐԱՄ ՏԵՐ-ՂևՈՆԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԻԱ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 20-ին Մաշտոցյան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագիտությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը եւ զեկուցումների ամփոփումները):
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը: Ակադեմիկոսն իր խոսքում նշեց. «Արամ Տեր-Ղևոնդյանը խոր հետք է թողել հայագիտության մեջ: Նա ուսումնասիրել է հայոց պատմությունը 7-9-րդ դարերում, հրատարակել հայ-արաբական հարաբերություններին նվիրված բազմաթիվ աշխատություններ, հայ պատմիչների երկերը թարգմանել աշխարհաբարի: Այսօր նրա գործը շարունակողները թվայնացնում են արևելյան աղբյուրագիտության կոթողները: Գիտաժողովի վերջին օրը ներկա կլինենք արևելյան աղբյուրագիտության թվայնացված գրադարանի բացմանը»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ինչպես նաև Միչիգանի (ԱՄՆ) Անն Արբըր համալսարանի պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը:
Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն իր ընտանիքի անունից խորին երախտագիտություն հայտնեց Արամ Տեր-Ղևոնդյանի հիշատակին նվիրված այս գիտաժողովի կազմկոմիտեին, ԳԱԱ Նախագահությանը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտին, հատկապես պատմական գիտությունների դոկտոր, Արևելյան աղբյուրագիտության բաժնի վարիչ Ազատ Բոզոյանին, ում ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ իրականություն դարձնել գիտաժողովն իր ողջ ծավալով:
«Ուրախ եմ, որ հայրիկի գործը շարունակողներ կան, իսկ նրա նախկին ուսանողներն այսօր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում գիտության և կրթության ոլորտում, շատերը նաև պետական կառավարման մեջ, իսկ ոմանք մեր դիվանագիտական կորպուսի արդեն փորձառու ներկայացուցիչներ են:
Հայրիկի մասին միշտ մեծ հարգանքով ու սիրով են արտահայտվում ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնում, որտեղ նա երկար տարիներ աշխատել է, Արևելագիտության ինստիտուտում, որտեղ նա հիմադրել է Արևելյան աղբյուրագիտության բաժինը ու նաև Երևանի պետական համալսարանում, որտեղ նա դասավանդել է, և, որտեղ, տարիներ առաջ, Գյուլբենկյան հաստատության աջակցությամբ, բացվեց «Արամ Տեր- Ղևոնդյան» գիտասրահը՝ գրադարանով ու սարքավորումներով հագեցած: Նա շատ կապված էր նաև Մատենադարանի ու մատենադարանցիների հետ, իր աշխատությունների մեծ մասը ծնվել է Մատենադարանի ընթերցասրահում, այստեղ շատերը դեռ հիշում են նրան և պատահական չէ, որ գիտաժողովի բացումն անում ենք հենց այս սրահում:
Հայրիկի մահից հետո արխիվը դասավորելիս պատահաբար ձեռքս ընկավ մի թուղթ, որը մեկ էջի վրա շարադրված հսկայածավալ մի ծրագիր էր: Նա նախատեսել էր մի ընդարձակ ուսումնասիրություն, կամ գուցե մատենաշար, որը պիտի ընդգրկեր հայ-արաբական հարաբերությունները սկսած առաջին շփումներից, այսինքն 7-րդ դարից մինչև 16-րդ դարի սկիզբը, այսինքն մինչև օսմանյան տիրապետության հաստատումը արաբական երկրներում:
Արամ Տեր-Ղևոնդյանի մահից անցել է 31 տարի: Այս երեք տասնամյակում հրատարակվել են մի շարք կարևոր մենագրություններ, որոնք կարող են տեղ գրավել այդ մատենաշարում, բայց մենք այսօր դեռևս պատրաստ չենք նման մի կոթողային գործ իր ամբողջ ծավալով լույս ընծայել: Անհրաժեշտ է կադրեր պատրաստել, խրախուսել երիտասարդ շնորհալի մասնագետներին զբաղվելու միջնադարյան պատմության խնդիրներով, նոր հետազոտություններով աստիճանաբար լրացնել պակասող մասերը, և, իր լրումին հասցնել ու իրականացնել Արամ Տեր-Ղևոնդյանի երազը: Սա կլինի լավագույն նվերը իր հիշատակին և անշուշտ, լուրջ ներդրում հայագիտության և արաբագիտության ասպարեզում:»

Կիսվել