ԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» — ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2022 թ. հուլիսի 11-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:
Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը միավորել է ժամանակակից արվեստագետի ստեղծագործությունները միջնադարյան ձեռագրերի հետ: Պողոսյանի՝ գրքի ձևով արված մեծաթիվ աշխատանքները երկխոսում են Մատենադարանում պահվող և ցուցադրվող ձեռագիր մատյանների հետ և ներդաշնակորեն ներկայանում կողք կողքի։
Պողոսյանի արվեստի առանձնահատկությունը կրակի կիրառումն է իր աշխատանքներում: Կրակը նրա ընտրած գեղարվեստական լեզուն է, որով նա ստեղծագործում է կտավի, թղթի, գրքի, պլաստիկական զանգվածի վրա: Արվեստագետն օգտագործում է տարբեր նյութեր, այդ թվում՝ ջրաներկ, ածուխ, յուղ, գունանյութեր և ակրիլային ներկեր:
Մատենադարանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվում են հետևյալ ստեղծագործությունների շարքերը՝ Livres-objet brulés-Այրված գիրք-առարկա (2012-2020), Exultet-Ցնծություն (2014-2016), Fans-Հովհարներ (2014-2020), Livres reliés – Կոշտ կազմով գրքեր (2012-2020), Abstract Writing- Վերացական գրքեր (2016-2021), Sculptures — Քանդակներ (2007-2020) և այլ գործեր:
Այս ցուցահանդեսը մի նոր փորձառություն է ներկայացնելու հինն ու նորը մի հարկի ներքո, ցույց տալու, որ մարդկության ու նրա ստեղծած ժառանգության հիշողությունն իր մեջ ամփոփող գիրքը կարող է ներկայանալ գեղարվեստական տարբեր միջոցներով:
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսն այցելուների համար բաց է լինելու մինչև 2022 թ. հոկտեմբերի 8-ը:

Ժան Պողոսյանը աբստրակտ ոճի ժամանակակից արվեստագետ է, որի վերջին շրջանի ստեղծագործությունները ներկայացնում է տարբեր աստիճանի այրվածքների հետքեր: Կրակի ներգործությամբ Պողոսյանը շարունակ ներդաշնակություն է փնտրում։ Գիտակցելով, որ մարդը երբեք լիարժեք չի կարող սանձահարել բոցի և ծխի քաոսային շարժումը, նա մտնում է կրակի պարի մեջ և շարժվում նրա հետ միասին, մինչև որ որոշի կանգ առնել: Հենց այդ պահին է, որ նա զգում է, որ հասել է հավասարակշռության:
1949 թ. Հալեպում ծնված Ժան Պողոսյանը սերում է ոսկերիչների ընտանիքից: Ոսկերչության զուգահեռ ուսանել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի տնտեսագիտություն և սոցիոլոգիայի ֆակուլտետում: 1975 թ. Լիբանանի քաղաքացիական պատերազմը Պողոսյանին ստիպում է նրան հեռանալ երկրից և բնակություն հաստատել Բելգիայում, որտեղ սովորում է Վատերմալ Բուաֆորի Գեղարվեստի ակադեմիայում՝ միաժամանակ շարունակելով ընտանեկան բիզնեսը: 1992 թ. իր եղբոր և հոր հետ հիմնում է Պողոսյան հիմնադրամը:
Պողոսյանն այն եզակի արվեստագետներից է, որը փորձարկումներ է անում կրակ և ծուխ կիրառելով:

Կիսվել