ՕԳՈՍՏՈՍԸ՝ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ «ԹԵԺ» ԱՄԻՍ

Վերականգնման ոլորտում ինքնուրույնությունը և միջազգային շուկայից անկախացումը Մատենադարանի համար գերակայություն է։ Այս նպատակով մեկնարկել են հայկական վերականգնման թղթի սեփական արտադրության, վերականգնման թղթի կիրառելիության եղանակների և նոր մեթոդների բացահայտմանն ուղղված միջոցառումները։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4CULTURE ծրագրի շրջանակում, որի առաջատար գործընկերը Գյոթե Ինստիտուտն է, Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը և ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանն ու Արթուր Պետրոսյանը մեկնել են Բեռլին՝ ճապոնական վերականգնման թղթի հայտնի մասնագետ Գանգոլֆ Ուլբրիխտի արհեստանոցում ծանոթանալու ձեռագործ թղթարտադրության բոլոր առանձնահատկություններին։

Մատենադարանի ավագ վերականգնող Լիլիթ Բաչաչյանն էլ մասնակցում է Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտությունների ազգային ինստիտուտի «Ճապոնական թղթի վերականգնման միջազգային դասընթաց 2024» ծրագրին։ Մրցույթի շուրջ 300 մասնակիցներից ընտրվել է միայն 10-ը, այդ թվում՝ Մատենադարանի աշխատակցուհին։

Կիսվել