Հայաստանի ամենահեղինակավոր ու առաջադեմ, իր առաքելությամբ բացառիկ համալսարաններից մեկի` Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողությունը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրը:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր և ողջ աշխատակազմի անունից հայտնել է խորին շնորհակալություն կարևոր այս նախաձեռնության համար, որի իմաստը շատ ավելին է, քան զուտ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ևս մեկ միավորով համալրելը: Սա բարոյական ու
արժեքաբանական կողմնորոշման խնդիր է. այս ակտով ապագա բժիշկները ոչ միայն արժեք են հանձնել Մատենադարանին, այլ ստացել են Մատենադարանի սեփականատեր լինելու իրենց վկայականը:
Այս ընծայաբերմամբ ձեռք է բերվել ավելին, քան ձեռագիրը. մի քանի հարյուր ուսանող, որոնց պետք է վստահվի Հայաստանի քաղաքացիների առողջությունն ու կյանքի որակը, մուտք են գործել Մատենադարան, այցելել են ցուցասրահներ, մասնակից են դարձել հավաքածուների համալրմանը, այլ կերպ ասած՝ ճանաչել են մեր ազգային գանձարանը: Հենց այս է օրվա մեծ խորհուրդը:
Մատենադարանը սոսկ թանգարան ու պահոց չէ, հիշողության շտեմարան չէ միայն, զուտ խոնարհումի ու պատկառանքի հաստատություն չէ, այլ կենդանի օրգանիզմ, անցյալը ստեղծագործաբար յուրացնելու միջավայր, որով բոլոր ժամանակներում եղել են աշխարհի մեծ ընտանիքի արժանապատիվ անդամը և որը խորհրդանշում է առօրյա աղմուկից ու աղտեղությունից հեռու՝ Բանական Հայաստանը:
Մատենադարանը ձևավորվել է իբրև մեր նախնիների ներշնչումների, պրպտուն մտքի, առաջադեմ հայացքների, մշտական ինքնակրթության ու աշխարհի հետ աներկյուղ հաղորդակցվելու արդյունք: Եվ այս արդյունքն իր հերթին պետք է դառնա ներշնչման, մտավոր հարստացման, աշխարհի քաղաքացի լինելու ուղերձ ու խթան: