ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Արմինե Մելքոնյանը ներկայացրել է «5-21-րդ դարեր. մատենադարանները և Մատենադարանը՝ հայերեն ձեռագրերի պահոցները» խորագրով զեկուցումը, և մասնակցել «Եվրասիայի ձեռագրական ժառանգությունը. արժեքներ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը (կազմակերպիչներ՝ Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Վիեննայի համալսարան և Ավստրիայի Ազգային գրադարան): Մասնակիցների համար կազմակերպվել է հատուկ շրջայց Ազգային գրադարանի թանգարանում, հնատիպ գրքերի և ձեռագրերի, ինչպես նաև ձեռագրերի վերականգման բաժնում:

Արմինե Մելքոնյանը Էրազմուս+ ծրագրով այցելել է նաև Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարան: Հայագիտության ամբիոնի ուսանողներին նա կարդացել է դասախոսություններ «Դրվագներ հայ քրիստոնյա համայնքների պատմությունից. Հյուսիսային Ասորիք, Մանչեստր, Արցախ» և «Հայ ձեռագրերի հիշատակարանների աղբյուրագիտական արժեքը: Ղևոնդ Վարդապետ Փիրղալեմյանը՝ որպես հայերեն ձեռագրերի հիշատակարանների առաջին ժողովածուի կազմող» թեմաներով: Ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչի և դասախոս Կարեն Ջալլաթյանի հետ հանդիպումների ընթացքում քննարկել են հետագա համագործակցության խորացման հնարավորությունները: Նա նաև ներկա է եղել այդ օրերին Պազմանի համալսարանում անցկացված հայերենի բարբառներին նվիրված գիտաժողովին:

Կիսվել