Գրադարանը բաց է՝
երեքշաբթի-շաբաթ 10:00 — 17:00

Ընթերցողների սպասարկման ժամերն են՝
երեքշաբթի-շաբաթ 11։00-12։00 և 14։00-15։00

  Մաշտոցի անվան Մատենադարանի գրադարանը կազմավորվել է Էջմիածնի կաթողիկոսարանի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: 1939 թ. Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվեց Երևան` ժամանակավոր հանգրվանելով Հանրային գրադարանի 3-րդ և 4-րդ հարկերում: Մինչև 2012 թ. սեպտեմբեր ամիսը մամուլի և տպագիր գրքերի բաժինները առանձին են եղել, այժմ միավորվել և մեկ բաժին են դարձել:
  Բաժնի հիմնական գործառույթներն են` գրքերի և մամուլի համալրում, մշակում, գրանցում, քարտագրում, տեղադրում քարտարանում և սպասարկում:
  Համալրումը կատարվում է գնումներով և նվիրատվությամբ: Երախտագիտությամբ ենք հիշում մեր բարերարներին, մասնավորապես՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությանը և այն նվիրատուներին, որոնց ջանքերով լրացվում են գրադարանի ֆոնդերը: Անհատական ֆոնդերից հիշատակության են արժանի Սիրարփի Տեր-Ներսիսյանի, Երվանդ  Տեր-Մինասյանի, Լևոն Խաչիկյանի, Սեն Արևշատյանի, Ավո Հովհաննիսյանի, Սուրեն Քոլանջյանի, Պարույր Մուրադյանի, Ալիս Մանուկյանի, Անահիտ Փերիխանյանի, Ռ. Գալչյանի, Վախթանգ Գևորգյանի,   և այլոց հավաքածուները:  Հատուկ ուշադրության է արժանի հնատիպ գրքերի հավաքածուն (1512-1800 թթ.), որտեղ պահվում են հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի Վենետիկում տպագրած 5 գրքերը` «Ուրբաթագիրքը», «Պատարագատետրը», «Աղթարքը», «Պարզատումարը», «Տաղարանը» (1512-1513 թթ.): Գրադարանն ունի նաև Ոսկան Երևանցու տպագրած հայերեն առաջին Աստվածաշունչը  (Ամստերդամ 1666-1668 թթ.): Հնատիպ գրքրերի հավաքածուն պարբերաբար համալրվում է:
  Հարուստ է նաև մամուլի ֆոնդը, որի հիմնական մասը կազմում են Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վենետիկում, Երուսաղեմում, Ալեքսանդրապոլում, Շուշիում և այլ քաղաքներում լույս տեսած թերթերն ու ամսագրերը:
Մատենադարանն ունի մամուլի՝ հայերեն, ռուսերեն և եվրոպական լեզուներով լույս տեսած հարուստ հայագիտական նյութ: Հայերեն հավաքածուի նյութերը ընդգրկում են 200 տարուց ավելի մի ժամանակաշրջան՝ սկսած մեր առաջին պարբերական «Ազդարար»-ով (Մադրաս, 1794-1796 թթ.), որի միակ օրինակը ցուցադրված է Մատենադարանի ցուցասրահում:
  Մատենադարանի պարբերական մամուլի հայերեն ֆոնդերի աշխարհագրությունը շատ լայն է՝ սկսած Եվրոպայից ու Ամերիկայից, մինչև Մերձավոր և Միջին Արևելք ու Հնդկաստան: Հիշյալ երկրների քաղաքներից մամուլի ֆոնդերում պահվող պարբերականների մեծագույն բաժինը Կ. Պոլիսից, Զմյուռնիայից և Թիֆլիսից են: Կ. Պոլսի հրատարակություններից  կարելի է հիշատակել «Բյուզանդիոն» (1895-1918 թթ.), «Արևելք» (1884-1912 թթ.), Զմյուռնիայի՝ «Արշալույս Արարատյան» (1840-1887 թթ.), Վանի՝ Խրիմյան Հայրիկի հրատարակած «Արծվի Վասպուրականի»  (1858-1864 թթ.), Թիֆլիսի՝ «Արձագանք» (1882-1898 թթ.), «Կովկաս» (1846-1847 թթ.), «Մշակ» (1872-1920 թթ.), «Նոր-Դար» (1884-1908 թթ.), «Հորիզոն» (1909-1918 թթ.) թերթերը:
  Գրադարանի առաջնակարգ խնդիրներից է ֆոնդերի համալրումը, պահպանումն ու էլեկտրոնային քարտարանի ստեղծումը: Գրադարանի աշխատակիցները այժմ զբաղված են (ԿՈՀԱ ծրագրով) քարտարանների էլեկտրոնային մուտքագրումով:
  Մամուլի և գրքերի գրապահոցները գտնվում են Մատենադարանի գիտական մասնաշենքի 1-ին հարկում:


Գրադարանի վարիչ՝ Տաթևիկ Ղազումյան
Հեռ.` +374 (010) 513030, ներքին`1-37

Կիսվել