Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան հիմնադրամը ձեռագիր հավաքածուների թվայնացման աշխատանքներն սկսել է 2007 թ. և ներկայումս աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են։
Հին ձեռագրերի թվայնացման ոլորտում, ինչպես նաև այդ գործընթացում կիրառվող տեխնոլոգիաների տեսակետից Մատենադարանը զգալի փորձ է կուտակել։ Ձեռագրերի թվայնացումը ժամանակի հրամայականն է առաջին հերթին այն պատճառով, որ նյութական հիմք ունեցող մշակութային արժեքները վաղ թե ուշ մաշվում են, այնինչ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս անխաթար պահպանել այդ արժեքների թվային պատկերները և փոխանցել ապագա սերունդներին։
Ձեռագրերի և արխիվային վավերագրերի շտեմարանները տեղակայված են Մատենադարանի սերվերային համակարգում։ Թվայնացված ձեռագրերի եւ արխիվային վավերագրերի սպասարկումը կատարվում է Մատենադարանի ընթերցասրահում տեղադրված համակարգիչների միջոցով։Թվայնացման բաժնի հիմնական գործառույթներն են.
- Թվայնացնել միջնադարյան ձեռագիր մատյանները, արխիվային փաստաթղթերը և վավերագրերը, ինչպես նաև Մատենադարանի գրադարանում պահվող հայագիտական գրականությունն ու մամուլի հավաքածուները։
- Թվայնացնել Մատենադարանում պահվող արտերկրի պահոցներից ստացված ձեռագրերի ֆոտոժապավենները։
- Թվայնացնել Մատենադարանում պահվող կրկնագիր ձեռագրերը և պատկերների հատուկ մշակման արդյունքում ստանալ պատկերների հնարավոր ընթեռնելի տարբերակներ։
- Ինդեքսավորել և թվային շտեմարաններում տեղադրել ձեռագրերի և վավերագրերի թվային պատկերները։
- Ստեղծել համապատասխան ծրագրաշարեր՝ թվայնացված տեղեկատվությունը համակարգելու համար։
- Ստեղծել թեմատիկ շտեմարաններ՝ ըստ միջնադարագիտության ուղղությունների։
- Սպասարկել Մատենադարանի գիտաշխատողներին և արտերկրի հայագետներին՝ ըստ ներկայացված դիմումների՝ տնօրինության հաստատած չափանիշների և գնացուցակի համաձայն։
- Ապահովել Մատենադարանի ներքին ցանցի, ցանցային սարքավորումների և սերվերային համակարգի անխափան աշխատանքը։
- Ըստ աշխատակիցների գրավոր դիմումների՝ վերացնել անհատական համակարգիչների անսարքությունները և ապահովել այլ սարքավորումների անխափան աշխատանքը։
- Ապահովել Մատենադարանում անցկացվող միջոցառումների տեխնիկական սպասարկումը:
Բաժնի աշխատանքների համակարգող՝ Գուրգեն Գասպարյան
Հեռ.` +374 (010) 513029, ներքին` 1-97