2024 թվականին Մատենադարանում պաշտոնապես բացվել է կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, որը գիտական հարթակ է ժամանակակից ուսումնասիրությունների իրականացման համար։ Լաբորատորիայի գործունեությունը նպաստում է վերականգնման գործընթացների գիտական հիմնավորմանը և դրանց համապատասխանեցմանը միջազգային մասնագիտական չափանիշներին։

Կենսաքիմիական խմբի գործունեության ուղղություններն են՝

• ձեռագրերի և վավերագրերի միկրոկենսաբանական և միջատաբանական զննում
• վնասված նյութերի ախտահանում և բուժման մեթոդների մշակում
• թանաքների թթվայնության որոշում և չեզոքացման գործընթացների ուսումնասիրություն
• միջնադարյան հայկական ձեռագրերի պիգմենտների քիմիական կառուցվածքների ուսումնասիրություն
• ներկերի ամրակայման նոր մեթոդների որոնում
• նոր, բուսական ծագում ունեցող հականեխիչ և հակասնկային նյութերի ուսումնասիրություն և փորձարկում
• միջնադարյան թղթերի և մագաղաթի ծերացման գործընթացների ուսումնասիրություն և դրանց պահպանման նոր ոչ տոքսիկ նյութերի մշակում
• միջնադարյան կաշիների վիճակի ուսումնասիրություն, դրանց խմբավորում ըստ դաբաղման տեսակի և վնասվածության աստիճան

Լաբորատորիայի զարգացման հեռանկարներից են նաև միջազգային գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտությունների իրականացումը, գիտական հրապարակումները, սեմինարների և վերապատրաստման ծրագրերի կազմակերպումը։

Դուբլինի Տրինիտի քոլեջի հետ կնքված համագործակցության շրջանակներումիրականացվել է մագաղաթների գենոմային վերլուծության նախնական փուլը, որը հնարավորություն է տալիս որոշել կենդանական հումքի ծագումը և միջնադարյան արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները։

Կենսաքիմիական լաբորատորիայի մասնակցությամբ Մատենադարանի վերականգնման բաժինը նաև իրականացնում է Սփյուռքի կենտրոններում պահպանվող վնասված ձեռագրերի ուսումնասիրություն  և մասնագիտական խորհրդատվություն։


Խմբի ղեկավար՝ Գայանե Էլիազյան
քիմիական գիտությունների թեկնածու
Հեռ.` +374 (010) 513017, ներքին` 1-30

Կիսվել