Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ 2008 թ. հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում անցկացվեց միջազգային գիտաժողովՙ նվիրված մեծավաստակ հայագետի եւ ուսուցչապետի գիտական հարուստ ժառանգությանը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 40 հայագետներ Ֆրանսիայից, Իտալիայից, Մ. Նահանգներից, Ռուսաստանից, Հայաստանից, ընթերցվեն բազմաբովանդակ զեկուցումներՙ Խաչիկյանի կյանքի ու գիտական գործունեության և նրա ուսումնասիրությունների շրջանակի մասին:
Լիագումար նիստը, որ կայացավ Գրիգոր Նարեկացու անվան դահլիճում, նախագահում էր Սեն Արևշատյանը: Բացման խոսքում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, կարևորելով գիտաժողովի նշանակությունը, նշեց, որ Լ. Խաչիկյանը նորարար է միջնադարագիտության գրեթե բոլոր բնագավառներում, բացի իր գիտական մեծարժեք ուսումնասիրություններից ու աշխատություններից, նաև հայտնաբերել ու գիտական շրջանառության մեջ է դրել մեծարժեք բազմաթիվ սկզբնաղբյուրներ` ուղենշելով դրանց հետագա հետազոտման աշխատանքները, որոնցով էլ զբաղվել են իր անմիջական հետնորդներն ու աշակերտները և շարունակելու են հայագետների նորանոր սերունդներ:
Գիտաժողովին հայրապետական օրհնության գիր էր հղել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը, որ ներկայացրեց Շահան եպս. Սարգսյանը, հնչեցին ուղերձներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ներկայացրեց Վլադիմիր Բարխուդարյանը), Միջազգային հայագիտական ասոցիացիայի նախագահ Վալենտինա Կալցոլարի (կարդաց Արամ Թոփչյանը) կողմից, ինչպես նաև Վազգեն Ա կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, որը արվել էր 1978-ին` Լ. Խաչիկյանի 60-ամյակին:
Առաջին զեկուցումն էր Գաբրիելլա Ուլուհոջյանի (Իտալիա) «Իտալիայի գրադարանների հայկական ձեռագրացուցակը», որը նվիրված էր Իտալիայի 26 գրադարաններում եղած 105 միավոր հայերեն ձեռագրերի հետազոտություններին:
Պարույր Մուրադյանը «Միջէթնիկական համերաշխության և դավանական հանդուրժողականության գաղափարը հայոց միջնադարում» զեկուցմամբ ներկայացրեց այդ գաղափարի արտահայտությունը Վարդան Այգեկցու, Ներսես Լամբրոնացու, Մխիթար Գոշի և այլ մատենագիրների երկերում:
Լյուդմիլա Կիսելյովայի (Ռուսաստան) բանախոսության թեման էր «Լևոն Խաչիկյան. ձեռագրագիտության և հնագրության խնդիրները», որում նշեց լատիներեն 26 ձեռագրերի և 108 պատառիկ-պահպանակների ձեռագրագիտական տվյալների կարևորությունը հայ և արևմտաեվրոպացի կաթոլիկների մշակութային ու քաղաքական հարաբերությունների ուսումնասիրության հարցում:
Գևորգ Տեր-Վարդանյանը «Հիշատակարանների ժողովածուներ կազմելու Լևոն Խաչիկյանի մշակած սկզբունքները» զեկուցման սկզբում նախ խոսեց հիշատակարանների ժողովածուների կազմման պատմության մասին, ապա նշեց, որ Լ. Խաչիկյանի ԺԴ դարի հիշատակարանների հատորով սկզբնավորվեց, իսկ ԺԵ դարի հիշատակարանների եռահատորյակով կատարյալ տեսք ստացավ հրապարակման սկզբունքների ամբողջությունը, որ կարելի է կոչել «հիշատակարանների ժողովածուներ հրատարակելու մեթոդաբանություն» և որի հեղինակն է Լ. Խաչիկյանը:
Ժան-Պիեռ Մահեի (Ֆրանսիա) «Պապ թագավորը և արծաթասերի նկարը Հովհաննես Ոսկեբերանի մոտ» զեկուցման մեջ զուգահեռներ անցկացվեցին Բյուզանդարանի երկու հատվածների (ուր Պապ թագավորն առնչվում է սատանային մարմնավորող սպիտակ օձերի հետ) և Հովհան Ոսկեբերանի արծաթասիրության այլաբանության միջև: Պապին վերագրվող դիվային հատկանիշները կրում են նաև Բյուրասպի-Աժդահակը և Ոսկեբերանի նկարագրած արծաթասերը:
Հայրապետ Մարգարյանը «Օրբելյանների ծագման ավանդությունը Ստ. Օրբելյանի Պատմության մեջ» զեկուցմամբ փորձ արեց հիմավորելու, որ պատմիչի հեռավոր նախնիների ծագման պատմությունը ստեղծված է գերազանցապես հայկական նյութի հիման վրա և որոշակի արժեք չի ներկայացնում:
Շառլ Ռենուի (Ֆրանսիա) «Հայկական շարականների հունական ակունքները» զեկուցման մեջ արտահայտված տեսակետը, որ հայերեն Շարականոցի հիմքը V դ. Երուսաղեմի Ճաշոցն է, ացատրվեց տեղի հայկական գրչության կենտրոնների գոյությամբ, որոնք չէին կարող խուսափել մայր եկեղեցու ազդեցությունից:
Կարեն Մաթևոսյանի («Յոհան գրչի կատարած հավելումները Ստեփանոս Տարոնեցու և Արիստակես Լաստիվերցու պատմագրքերի հնագույն մատյանում (Մատ. ձեռ. 2865)») զեկուցումը նվիրված էր Հոհան գրչի ընդօրինակած ժողովածուին (Անիի շրջանում, 1236 թ. հետո, ենթադրաբար՝ մոնղոլների տիրապետության սկզբում):
Փիթեր Քաուին (ԱՄՆ) ուշագրավ զեկուցում կարդաց «Վահրամ Րաբունու «Ռուբինեաց Պատմութիւնը» և թագավորական գաղափարախոսությունը XIII դարի հայ Կիլիկիայում» թեմայով:
Էդդա Վարդանյանի զեկուցման թեման էր «Քրիստոսի տոհմածառի թեման և թագավորական գաղափարախոսությունը XIII–XV դարերի հայկական մանրանկարչության մեջ»: Եսայու մեսսիական մարգարեության վրա հիմնված Քրիստոսի Տոհմածառի սիմվոլիկ պատկերը մուտք է գործել հայ
արվեստ XIII դ. երկրորդ կեսին, սակայն հայկական ձեռագրերում կիրառվում է որոշակի ժամանակահատվածներում և վայրերում:
Լևոն Խաչիկյանի անվան դահլիճում նիստը նախագահում էր Շուշանիկ Խաչիկյանը:
Արմեն Այվազյանի «Բոկոտն կարմելիտների «Ժամանակագրությունը» որպես Հայոց պատմության աղբյուր» զեկուցումը նվիրված էր կարմելիտների միաբանության անդամների զեկուցագրերի հիման վրա ստեղծված Ժամանակագրության մեջ արծարծվող պատմական փաստերի մի զգալի մասին, որն անմիջականորեն վերաբերում է հայոց պատմության ուսումնասիրության համար նշանակալի մի շարք խնդիրների` հայկական ու հռոմեական եկեղեցիների փոխհարաբերություններին (այդ թվում հայերին կաթոլիկացնելու փորձերին), թուրք-պարսկական պատերազմներին և Հայաստանի ու հարակից շրջանների կացությանը, Շահ Աբաս Ա-ի 1604–1618 թթ. կազմակերպած հայերի բռնագաղթին և այլն:
Ազատ Բոզոյանն «Օտարազգի թարգմանիչների դերը միջնադարի մատենագրական փոխառնչություններում» զեկուցմամբ փորձեց ի մի բերել օտարազգիների կատարած թարգմանությունները, որոնք մշակութային կարևոր արժեք են:
Հակոբ Քյոսեյանը «Թովմա Մեծոփեցու աստվածաբանական ժառանգությունը» զեկուցման մեջ, ներկայացնելով մատենագրի ժառանգությունը (աստվածաբանական, դավանաբանական երկեր, բառարաններ, գրչական սուրբգրային զուգորդումներ), մասնավորաբար խոսեց 36 գրերի երրորդաբանական խորհրդի մասին, որոնք ունեն իրենց գծային, գունային, ձայնային առանձնահատկություններ:
Գոհար Մուրադյանը «Սահակ կաթողիկոսի «Տեսիլը» Ղազար Փարպեցու մոտ» անախոսության մեջ զուգահեռներ անցկացնելով Սահակ Պարթևի և Դանիելի, Լուսավորչի, Ագադրոնի, Կեղծ Մեթոդիոսի, Հիպոլիտոսի տեսիլների միջև փորձեց ապացուցել, որ պետք չէ բացառել Փարպեցու հեղինակ լինելը, հաշվի առնելով Պատմության շարադրանքի սահունությունը (որի մի հատվածն է Տեսիլը) և լեզվաոճական առանձնահատկությունները:
Արամ Թոփչյանը «Կեղծ Մեթոդիոսի «Հայտնության» հայերեն տարբերակը» զեկուցման մեջ
քննեց Ստեփանոս Սյունեցու (VIII դ.) թարգմանած երկը, որը հնարավոր է հետագայում է ներմուծվել Ստ. Օրբելյանի Պատմության մեջ:
Հոկտեմբերի 10-ին Գրիգոր Նարեկացու անվան դահլիճում նիստը նախագահում էր Գևորգ Տեր-Վարդանյանը:
Վիգեն Ղազարյանը «Լևոն Խաչիկյանը և կերպարվեստը» զեկուցմամբ ներկայացրեց ակադեմիկոսի, մարդու, գիտնականի, գիտական ղեկավարի կերպարը, որի ուսումնասիրությունները ոգեշնչող կլինեն
նաև գալիքում: Թեո Վան Լինթը (Մեծ Բրիտանիա) «Վարդան Անեցու` Եզեկիելի տեսիլը և աստվածային արքայությունը» զեկուցման մեջ քննեց Վարդան Անեցուց պահպանված միակ ստեղծագործությունը` բաղկացած երկու մասից` բուն բանաստեղծություն և լուծմունք (մեկնություն)` վերլուծելով այն ըստ երկրաչափական կառույցների:
Արուսյակ Թամրազյանի «Միաձայն երգեցողության տեսությունն ու կիրառումը հայ միջնադարյան հոգևոր համակարգում» զեկուցման մեջ ներկայացվեցին միաձայն երգեցողության էության, ընկալման և դրանից բխող կիրառման առանձնահատկություններն արևելյան հոգևոր դպրոցներում, հունական մշակույթում, ինչպես նաև այս ուսմունքի աղերսները հայ միջնադարյան երգարվեստում:
Հելմուտ Բուշհաուզենը (Ավստրիա) «XIV դարի Ղրիմի մանրանկարչությունը Արևելքի և Արևմուտքի միջև» զեկուցման մեջ քննեց Կաֆայի հայերեն ձեռագրերի մանրանկարչության յուրահատկությունները` մատնանշելով այս արվեստի հայկական ավանդույթին հարազատ լինելն ու միաժամանակ եվրոպական ազդեցությունից զերծ չլինել:
Էմմա Կորխմազյանը «Լևոն Խաչիկյանը և Ղրիմի հայկական գաղութի ուսումնասիրության խնդիրները» զեկուցման մեջ նշեց, որ Ղրիմի հայկական մի քանի եկեղեցիների որմնանկարների ու քանդակազարդերի մնացորդները շարունակում են քայքայվել և այժմ գտնվում են վերացման վտանգի առջև: Շնորհիվ 1960–1970-ական թվականների ընթացքում կատարված լուսանկարահանումների և ընդօրինակությունների, որոնք արվել են Լևոն Խաչիկյանի անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ, հնարավոր է պատկերացում կազմել այդ հուշարձանների նշված ժամանակի վիճակի մասին, ինչը կարևոր է Ղրիմի միջնադարյան հայ քարգործ վարպետների ու նկարիչների արվեստի ուսումնասիրման համար:
Լևոն Խաչիկյանի անվան դահլիճում նիստի նախագահողն էր Փիթեր Քաուին:
Արմեն-Քլոդ Մութաֆյանի (Ֆրանսիա) զեկուցումն էր «Ավինյոնի պապությունը և հայերը». 1309–1378 թթ. պապությունը տեղափոխվեց Ֆրանսիայի Ավինյոն. այդ ժամանակ Կիլիկյան Հայաստանի թագավորությունն անկում էր ապրում, և հայերն օգնություն էին խնդրում Եվրոպայից, իսկ Ավինյոնի պապերի համար դա առիթ էր փորձելու հայերին կաթոլիկացնելու թե՛ Կիլիկիայում և թե՛ բուն Հայաստանում:
Ալեքսանդրո Օրենգոն (Իտալիա) «Հայերը Տոսկանիայում (XIV–XVIII դարեր)» զեկուցմամբ ներկայացրեց որոշ տեղեկություններ Տոսկանիայի մասին` վերցված XVI-XVII դդ. ընթացքում գրված բազմաթիվ բնագրերից, որոնց հեղինակները կամ Հռոմ գնացող ուխտավորներ էին, կամ Եվրոպայով ճանապարհորդող առևտրականներ:
Ստելլա Վարդանյանի զեկուցման թեման էր «Լևոն Խաչիկյանի ներդրումը միջնադարյան բժշկագիտական մատենագրության ուսումնասիրության գործում»: Իր` կարևոր նշանակություն ունեցող հոդվածում` «Հայ բնագիտական միտքը XIV–XVIII դարերում» (ՊԲՀ, 1971, № 2) Լ. Խաչիկյանը ծրագրեց բժշկագիտական և բնագիտական ասպարեզում կատարելիք աշխատանքը:
Շուշանիկ Խաչիկյանը «Հաշվեմատյանները որպես տնտեսական պատմության կարևոր սկզբնաղբյուր» զեկուցմամբ հիմնավորեց հաշվեմատյանների կարևորագույն դերը Հայաստանի և հարևան ու հեռավոր մի շարք երկրների տնտեսական պատմության բազմաթիվ կնճռոտ հարցերի լուսաբանման գործում:
Ջուլիետա Էյնաթյանի «Եկեղեցին և տոմարի խնդիրը» զեկուցումը նվիրված էր հայկական եկեղեցու` օտար աղբյուրներից զերծ մնալու դժվարին պայքարում իր ուրույն տեղն ունեցող տոմարի խնդրին:
Քրիստինե Կոստիկյանը «Հայ-իրանական հարաբերությունները XIX դարի առաջին երեսնամյակում (Մատենադարանի պարսկերեն վավերագրերի նյութի հիման վրա)» զեկուցման մեջ նշեց այն կարևորությունը, որ ունեն պարսկերեն վավերագրերը երկու ժողովուրդների պատմության ուսումնասիրման հարցում:
Արտակ Մաղալյանը Արցախի մելիքների մասնակցությունը իրենց գավառների հոգևոր գործերին» զեկուցմամբ ներկայացրեց «Արցախի մելիքների ակտիվ գործունեությունը XIII–XIX դդ. Ջրաբերդ, Գյուլիստան, Վարանդա, Դիզակ գավառների եկեղեցաշինության, հոգևոր սպասավորների նշանակման, հոգևոր նվիրակներին ցուցաբերած աջակցության և այլ ասպարեզներում:
Հոկտեմբերի 11-ին Գրիգոր Նարեկացու անվան դահլիճում առաջին նիստի նախագահողն էր Պարույր Մուրադյանը:
«Գրիգոր Պարթևին վերագրվող «Հաճախապատումը» որպես օտարալեզու հայ գրականության երախայրիք» զեկուցմամբ հանդես եկավ Արծրունի Սահակյանը, որը փորձեց ապացուցել, թե այս երկի հիմքում ընկած չէ միասնական հղացում, այլ այն հետագայում հունարենից կատարված թարգմանությունների ժողովածու է և վերնագիրն էլ հեղինակային չէ:
Արփենիկ Ղազարոսյանը Հայ գրչության կենտրոնների համահավաք քարտարան կազմելու հարցի շուրջ» զեկուցման մեջ խոսեց Արտաշես Մաթևոսյանի ձեռնարկած քարտարանի բարդ աշխատանքի մասին: Քարտարանի ստեղծումով սկսվում է «հայ գրչության կենտրոնների պատմության ուսումնասիրությունը. ամենահին կենտրոնը Երուսաղեմն է, որտեղ պահվող 4000 ձեռագրերից 1000- ը գրվել են տեղում:
Ռուբեն Գալիչյանը (Մեծ Բրիտանիա) Մատենադարանի քարտեզագրական նյութերը» զեկուցման մեջ ներկայացրեց իր ուսումնասիրած միջնադարյան քարտեզները, հատկապես «Մատենադարանի աշխարհագրական նյութ պարունակող 100 ձեռագրերը, որոնցում գծագրված քարտեզներ կան:
Երկրորդ նիստի նախագահողն էր Թեո Վան Լինթը:
«Մատենադարանի ձեռագրական հավաքածուների թվայնացման աշխատանքների մասին» հաղորդեց Գուրգեն Գասպարյանը` նշելով, որ արդեն թվայնացված են 400 ձեռագիր կամ 200.000 էջ, ներկայացրեց տվյալների շտեմարանի ստեղծումն ու ընթացքը: Մատենադարանի հետ գործակցող «Ավիաինֆո» կազմակերպության տնօրեն Սամվել Մուրադյանը մանրամասնեց կատարված ու կատարվելիք աշխատանքները. մասնավորապես վիրտուալ Մատենադարանի ստեղծումն ու տեղադրումը համացանցում, արխիվների թվայնացումը և այլն: Շեշտվեց կարևոր մի իրողություն. համացանցում տեղադրված տեղեկատվությունը բաց է դիտման, սակայն փակ միջամտության համար:
Մատենադարանի ձեռագրերի պահպանման և վերականգնման աշխատանքները որպես օրինակ գրչության համաշխարհային հուշարձանների պահպանման գործում» զեկուցման մեջ Գայանե Էլիազյանն ասաց, որ Մատենադարանը կապ ունի աշխարհի առաջատար վերականգնողական կենտրոնների հետ: Արմեն Սահակյանը «Մյուռոնի բաղադրությունը և պատրաստման եղանակը ըստ միջնադարյան ձեռագրերի» զեկուցման մեջ նշեց, որ մյուռնի բաղադրության մեջ մտնում են 70 անուն բույս, և ձեռագրական տվյալները հիմք են տվել ճշգրտելու բաղադրությունն ու պատրաստման եղանակը:
Լևոն Խաչիկյանի անվան դահլիճում նիստը նախագահում էր Լևոն Զեքիյանը (Իտալիա):
Աննա Արևշատյանը «Ստեփանոս Սյունեցի. իրական անձը և վաստակը (Սյունեցի համանուն երկու երաժիշտների գոյության հարցի շուրջ)» զեկուցման մեջ, վերլուծելով հայ մատենագիրների վկայությունները, հայտնի հայագետների կարծիքները, եզրահանգեց, որ Ն. Թահմիզյանի` Սյունեցի երկու համանուն երաժիշտների մասին տեսակետը հիմնազուրկ է, և VIII դ. Ստեփանոս Սյունեցուն է պատկանում ութձայն համակարգի բարեկարգումը, եկեղեցական տոներին նվիրված 8-9 երգերից բաղկացած կանոնի ժանրի ներմուծումը, խազային նշանների նախնական կիրառությունը:
Մանե (Էռնա) Շիրինյանը «Ընդհանրական Եկեղեցու Առաքելական աթոռների վարդապետության ձևավորումը և զարգացումը» զեկուցման մեջ անդրադարձավ հայկական աղբյուրներից մի քանիսին, որոնցում նշյալ խնդրի վերաբերյալ կան ավելի ընդարձակ տեղեկություններ, քան հունական ու լատինական գրվածքներում:
Վահան Զաքարյանը «Էքսուսիան Էջմիածնի և Կեսարիայի աթոռների փոխահարաբերության խնդրում» կանոնագիտական հետազոտությամբ ներկայացրեց եկեղեցական իշխանության (էքսուսիա) դրսևորումները Վաղարշապատի կաթողիկոսական և Կեսարիայի եպիսկոպոսական աթոռների փոխհարաբերություններում` փորձ անելով կանոնագիտական մոտեցմամբ հստակեցնել, թե որքանով են համապատասխանում պատմական որոշ վկայություններ տվյալ ժամանակաշրջանի (325–381 թթ.) կանոնական նորմերին:
Օլգա Վարդազարյանը «Փիլոնի երկերի հայերեն թարգմանության հրատարակման պատմությունից» զեկուցման մեջ փորձեց ներկայացնել Հովհ. Զոհրապի` Փիլոն Ալեքսանդրացու` հայերեն թարգմանված երկերի առաջին հրատարակության գործում կատարած դերը և պարզել նրա` Մկրտիչ Ավգերյանի հետ ընդհատվելու պատճառները:
Արմինե Մելքոնյանը «Մարմնի, հոգու և ոգու փոխհարաբերության հարցը հայ մատենագրության մեջ» զեկուցմամբ անդրադարձավ մարդը` որպես «փոքր տիեզերք» (o µιkpós” kóσµos”), մարդկային հոգու` որպես Աստծո պատկերի կառույց, ինչպես նաև տրիխոտոմիայի (եռամասնության) և դիխոտոմիայի (երկմասնության) հարցերին` ըստ Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու և հայոց եկեղեցու վարդապետներից Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու և այլոց տեսությունների: Ներկայացրեց Նոր Կտակարանի հունարեն բնագրում հոգի (tó pν,u`µa, Дух), ոգի (hï yuchv, душа), մարմին (tó sw`ma, тело), նյութ (hï savrx, плоть) «տերմինների» գործածությունը, դրանց թարգմանության տարբերությունները և կիրառումը հայ մատենագրության մեջ:
Արամ Դիլանյանի «Հայ առաքելական եկեղեցու հոգեհանգստյան արարողության վարդապետությունը միջնադարյան մատենագրության մեջ» զեկուցման նպատակն է ցույց տալ վարդապետական այն հենքը, որի վրա կառուցված է Մաշտոց ծիսամատյաններում առկա հոգեհանգստյան պաշտոնը, թաղման կարգը և պատարագում առկա ննջեցյալների հիշատակությունը:
Լևոն Զեքիյանը («Լևոն Խաչիկյանի մարդկային նկարագիրը») ներկայացրեց հուշեր մեծ գիտնականի ու մարդու մասին:
Գիտաժողովի ընթացքում Մատենադարանի ցուցասրահներում ցուցադրված էին Ղրիմի ձեռագրերի, ինչպես նաև գերմանացի մասնագետների` Ռոբերտ Շտելհեի և Մարգրետ Յաշկեի նորոգած մատյանների արծաթե կրկնակազմերի նմուշներ:
Նստաշրջանի աշխատանքներն ամփոփեց Հր. Թամրազյանը` նշելով, որ բազմաճյուղ գիտաժողովի ընթացքում Լ. Խաչիկյան մտավորականի ու մարդու նկարագիրն ազդակ եղավ արդյունավետ աշխատանքի համար: Մատենադարանի տնօրենը «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ հանձնեց գիտաժողովի արտասահմանյան մասնակիցներին:
2010 թ. Լևոն Խաչիկյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի զեկուցումները տպագրվեցին գրքով:
ՆԱԻՐԱ ԹԱՄԱՄՅԱՆ