ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
  Նախագահ Տադիչը շրջեց Մատենադարանի հիմնական ցուցադրությունների և Կիլիկիայի մանրանկարչության բացառիկ ցուցադրությունների սրահներում:
  Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը Մատենադարանի հուշամատյանում գրառում կատարեց հետևյալ բովանդակությամբ. «Շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք մեր պատվիրակության համար»:
  Մատենադարանի տնօրեն Հրաչիկ Թամրազյանը Բորիս Տադիչին նվիրեց Մատենադարանի մանրանկարչության գանձերի ալբոմ և հին ձեռագրերի մակետ` տերունական աղոթքով, իսկ սերբիական կողմը Մատենադարանին`  սերբերեն գիրք:
  Նշենք, որ Մատենադարանում պահպանվում են 17 հազար ձեռագրեր, որոնցից 14 հազարը հայերեն են, իսկ 3 հազարը՝ տարբեր լեզուներով. պարսկերեն, արաբերեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, ընդհուպ մինչև չինարեն ու եթովպերեն:
  Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահը Հայաստան է ժամանել երեկ` երկօրյա պաշտոնական այցով:


Աղբյուր՝ panorama.am

Կիսվել