ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԲՐՈՆԻՍԼԱՎ ԿՈՄՈՐՈՎՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանք ծանոթացան հայ գրքի պատմությանը, մանրանկարչության տեխնիկաներին և հնում օգտագործվող գույների ստացման պատմությանը:
Բացի մշտական ցուցադրությունից, նրանք ծանոթացան նաև ժամանակավոր ցուցադրության հետ, որտեղ ներկայացված են 5-13 դդ մագաղաթյա գրքեր և պատառիկները:
   Լեհաստանի նախագահը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին նվիրեց 1505 թ. «Արվեստի և արհեստի գրքի» կրկնօրինակը, որի բնօրինակը պահպանվում է Լեհաստանի ազգային գրադարանում: Իր հերթին Մատենադարանի տնօրենը Կոմորովսկուն նվիրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի անգլերեն թարգմանությունը, Մատենադարանի մանրանկարների ալբոմը, Լեհաստանում լեհերենով տպագրված տեղի հայ համայնքի մասին պատմող գրքեր:
   Այցի վերջում Կոմորովսկին ինստիտուտի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն հայտնեց հայ մշակույթին, ակունքներին և ժողովրդի ոգին ճանաչելու հնարավորություն ստանալու համար:

Կիսվել