ՈՒԽՏՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ. ՀՐԱՅՐ ԲԱԶԵ ԽԱՉԵՐՅԱՆ. «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ»

2013 թ. նոյեմբերի 7 -ին Մատենդարանում տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը, որը հեղինակը նվիրեց Մատենադարանին: Գիրքը վաճառքում կլինի ավելի ուշ: Ալբոմի առաջին տպագիր օրինակը ևս հեղինակը նվիրեց Մատենադարանին:

  Հրայր Բազեի շնորհիվ է լույս աշխարհ եկել նաև մի շքեղ, կոթողային հրատարակություն՝ 1173թ. Սկևռայում ընդօրինակված Գրիգոր Նարեկացու Մատյանի նմանահանությունը։
  Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, բարձր գնահատելով լուսանկարչի հայագիտական արժեք ունեցող աշխատանքը, նրան պարգևատրեց Մաշտոցյան Մատենադարանի բարձրագույն՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով, նվիրեց նաև լուսանկարչի հեղինակած շքեղ Նարեկը։
  Ամենաշատ հայկական սրբավայրեր նկարած կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեն դեռևս քսան տարի առաջ անհույս հիվանդ էր: Բժիշկներն ընդամենը հաշված օրերի կյանք էին տվել, երբ իր հիվանդասենյակի պատից կախված խաչին նայելով՝ լուսանկարիչը ուխտեց՝ եթե ողջ մնա, աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները կլուսանկարի:
  Աստծո հրաշքով ապաքինված լուսանկարիչն իր ուխտին հավատարիմ՝ արդեն քսան տարի շրջում է աշխարհով մեկ՝ նկարելու համար հայկական եկեղեցիները: Այսպիսով՝ Աֆրիկայի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի 42 երկրներ, հազարից ավել լուսանկարներ, ծախսված 100.000-ից ավել դոլլարներ, հրատարակված տաս լուսանկարչական ալբոմներ: «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» 360 էջանոց ալբոմը 11-րդն է՝ ամփոփիչը՝ աննախադեպ իր մտահղացմամբ, իր խորքում հոգևոր առնչակցության մի հուզիչ ու զարմանալի պատմություն ունեցող։


«Նա կարողանում է ոգեղեն խորք տալ իր պատկերաշարերին, բարբառել պատկերների լեզվով, ընկալելով բնաշխարհն ու մարդկային հորինվածքներն իբրև արարչագործություն, որի վրա Աստծո մատնադրոշմը կա։ Եվ սրբատաշ մատուռները, եկեղեցիները, մարդիկ և խաչքարերը բնության օրոցքներում մեզ են նայում իբրև  միեղեն, աստվածարյալ աշխարհի համահյուսվածքներ… Ուխտագնացության այս պատմությունն, իրոք, նախադեպը չունի. 20–ամյա այդ ուխտագնացության ծիրն իր մեջ է առել աշխարհի չորս ծագերը՝ պարագծելով ու պարածածկելով Հոգևոր Հայրենիքի բոլոր մայրցամաքները, երկրները՝ ի սփյուռս աշխարհի։ Աստվածային նախախնամությամբ, ահա, այս մեծ ուխտավորն ու ուխտատեղիները միավորվել են հոգևոր մի տիրույթում, որը զետեղված է այս զարմանալի գրքի մեջ…»,- իր խոսքում ասաց Հրաչյա Թամրազյանը:

Կիսվել