ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՐԱՊԵՏ ԳԱԲԻԿՅԱՆԻ «ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄ ՍԵԲԱՍՏԻՈՅ» ԳՐՔԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Габикян Карапет. История уничтожения Малой Армении и ее великой столицы Себастии/Перевод Кнарик Тер-Давтян.-Ер.:Наири, 2015.-560с.

2016թ. փետրվարի 17-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացավ Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության (թարգմանիչ՝ Քնարիկ Տեր-Դավթյան) շնորհանդեսը: Հրատարակությունն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման համառուսաստանյան հանձնաժողովի մեդալներին:
Քնարիկ Տեր-Դավթյանը բանասիրության դոկտոր է: Հեղինակ է երկու տասնյակ գրքերի: Նրա աշխատանքներն ընդգրկում են միջնադարյան հայ մատենագրության հուշարձանների ուսումնասիրումը, բնագրերի (այդ թվում և քննական բնագրերի) հրատարակումը, պատկառելի թվով երկերի թարգմանությունը, բնագրագիտական ու ձեռագրագիտական պրպտումները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հրատարակությունների շարքում առանձնանում է  ներկա ծավալուն հատորը, որն անկասկած ունի հիմնարար բնույթ և ուղղված է բազմամիլիոնանոց ռուսալեզու հասարակայնությանը, բացահայտելով հայության մի մեծ ու կարևոր հատվածի` Փոքր Հայքի հայության տեղահանության ու բնաջնջման հրեշային ծրագիրն իր բոլոր մանրամասներով:
Այս գիրքը, որ կարելի է անվանել հուշագրություն-եղեռնապատում, առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականին Բոստոնում: Հեղինակն է Սեբաստացի Կարապետ Գաբիկյանը, որը մեծ եղեռնի վերապրողներից է, մասնակիցն ու ականատեսը 500 էջանոց ստվար հատորում նկարագրվող գրեթե բոլոր իրադարձությունների: Դրանով իսկ պատումը վավերական է ու հավաստի:

Եղեռնապատում Սեբաստիոյ հուշագրությունը սպառիչ տեղեկություններ է հաղորդում հայահոծ մի մեծ երկրամասում ցեղասպանության իրագործման մասին՝ մեծապես ամբողջացնելով Հայոց մեծ եղեռնի ընդհանրական պատկերը:
Իրականացված բարձրարժեք թարգմանության և հրատարակության գիտական մակարդակը ապահովելու համար ՀՀ Մշակույթի նախարարության կողմից Քնարիկ Տեր-Դավթյանը պարգևատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության՝ «Նարեկացի» և Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի  կողմից՝ սուրբ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալներով:
Գրքի խմբագիրն է ակադեմիկոս Սեն Արևշատյանը:

Կիսվել