ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

2015 թվականի դեկտեմբերի 15-16 Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երեւացու ծննդյան 400-ամյակին: Երկօրյա սեմինարը կրում էր «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով»  խորագիրը (տե՛ս սեմինարի ծրագիրը): Ոսկան Երևանցին Մարաքիա Օրմանյանի բութագրմամբ «հայ ազգի մեծ երախտավոր և կատարյալ նահատակ է», նա թողել է հսկայական ժառանգություն: Ուստի պատահական չէ, որ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի 2014-2015 թթ. նշանակալից իրադարձությունների օրացույցում ներառված է Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակը, իսկ Ոսկան Երևանցու տպագրությամբ առաջին տպագիր Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը  ընդգրկվել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ:
Ոսկան Երևանցին այն հայ տպագրիչն է, որ հայապահպանության համար 17-րդ դարում արեց այն, ինչ Մաշտոցը՝ 5-րդ դարում: Նա Ամստերդամում ձեռնամուխ եղավ հայերեն «Աստվածաշնչի» տպագրությանը և տարածմանը: «Հայ տպագրությունը խորքային և տարածական առումով որակական թռիչք ապրեց Ամստերդամում` հասնելով եվրոպական մակարդակի և ստանձնելով հայ դպրության և մշակույթի տարածման և համասփռման վեհ առաքելությունը: Եվ այդ թռիչքաձև զարգացումը կապված է Ոսկան Երևանցու անվան հետ»,- բացման խոսքում նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Ի դեպ, Ոսկան Երևանցու կերպարին անդրադարձել է հայազգի մեծանուն արվեստագետ Երևանդ Քոչարը՝ 1946 թ. ստեղծելով նրա գրաֆիկական դիմանկարը:  


Երկօրյա սեմինարի ընթացքում  հնչեցին Մաշտոցի անվան Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի մասնակիցների՝ թվով ինը զեկուցումները, որոնք վերաբերում էին Երևանցու գործունեությանը:
Գիտաժողովի ընթացքում բացվեց հնատիպ գրքերի բացառիկ ցուցադրություն, տեղի ունեցավ Վարդան Դևրիկյանի հեղինակած «Ոսկան վարդապետ Երևանցի. կյանքն ու տպագրական գործունեությունը» գրքի շնորհանդեսը:
Ծրագրի իրականացմանն աջակցել էր ՅՈՒՆԵՍԿO-ի ազգային հանձնաժողովը:

Կիսվել