ԱՎՐՈՐԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում:
 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում:
Սուրբ Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 8-ին, միանալով Հայաստանի մշակութային արժեքներն օտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին, «Ավրորա» նախաձեռնությունը 20 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին:
 Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվում է Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարների դասընթացը Գերմանիայում: Դասընթացի շրջանակում նրանք այցելելու են թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու թանգարանային կառավարման և ներկայացման նորագույն սկզբունքներին, ինչպես նաև զարգացնելու օտար լեզուներով աշխատող գիդ-էքսկուրսավարներին անհրաժեշտ հմտությունները:
«Մատենադարանը, լինելով գիտական կառույց, կարևորում է տեղեկատվության մատուցման որակը և ճշգրտությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում գիդերի մասնագիտական պատրաստվածությանը: Այս համագործակցությունը մեզ համար չափազանց կարեւոր է, և մենք ուրախ ենք, որ այն աստիճանաբար ստանում է ռազմավարական բնույթ», — նշել է թանգարանային կառավարման գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը։
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որպես գիտական և մշակութային կենտրոն, ունի օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը։
«Դրամաշնորհի տրամադրման որոշումը Սուրբ Թարգմանչաց տոնին կայացնելը խորհրդանշական է: Այս դրամաշնորհով մենք հպարտությամբ շարունակում ենք 5-րդ դարի թարգմանիչների ավանդույթները` ամրապնդելով հայերի և Հայաստանի տեղը համաշխարհային մշակույթի մեջ:  Հայաստանի մշակութային ժառանգությունը որակավորված գիդ-էքսկուրսավարների միջոցով լավագույնս ներկայացնելը շատ կարևոր է և համընկնում է մեր նախաձեռնության որդեգրած սկզբունքների հետ», — ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Մատենադարանն առաջին անգամ չէ, որ համագործակցում են: Հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում 2015 թվականին ինստիտուտը, 25 հազար դոլարի դրամաշնորհ ստանալով, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք առավել հասանելի դարձնելով հետազոտողների ու հանրության համար: Ծրագրի օգնությամբ արդեն թվայնացվել են շուրջ 700 ձեռագիր մատյան և հազվագյուտ արխիվային փաստաթղթեր. թվայնացման գործընթացը շարունակվում է: «Ավրորա» նախաձեռնության Հիշողության պահպանման «Armenian Memory Act» ծրագիրն ուղղված է հայկական ժառանգության մասին փաստող արխիվների և փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը:

Կիսվել