Անահիտ Աստոյան, «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները հայոց ցեղասպանության տարիներին», Երևան, ՀՀ ԳԱԱ ‹‹Գիտություն›› հրատարակչություն, 2017, — 320 էջ + 40 էջ ներդիր։ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը հրատարակել է Մատենադարանի Արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը: Գրքում հայկական արխիվային պահոցներում պահվող մեծ թվով նորահայտ վավերագրերի, հայ պարբերական մամուլի հրապարակումների, թուրքական և օտար այլ աղբյուրների հիման վրա ներկայացված է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը, վերհանված է նահանգի տնտեսական կյանքում հայերի ազդեցիկ դիրքը: Հայոց ցեղասպանության իրագործմամբ թուրքական պետությունը տիրացավ բուրսահայության դարերի տքնությամբ ստեղծված անհատական և հավաքական ահռելի ունեցվածքին՝ տներին, հողատարածքներին, շերամաբուծական, մետաքսագործական և այլ գործարաններին, հյուրանոցներին, գրանիտի, մարմարի, պղնձի, երկաթի, արծաթի, հանքերին, մշակութային արժեքներին: Ուսումնասիրության առաջնային նպատակը եղել է տնտեսագետներին նյութերի և փաստերի տրամադրումը` Մեծ եղեռնի հետևանքով Բուրսայի նահանգի հայության նյութական կորուստները հաշվարկելու համար: Գիրքը նախատեսված է նաև պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակի համար: