ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍՏԵՓԱՆՈՍ ԵՐԵՑ ՀԱԶԱՐՋՐԻԲԵՑՈՒ «ՀԱՆԳԻՏԱԳԻՐՔ» ՄԱՏՅԱՆԻ ԲՆԱԳԻՐԸ

Ստեփանոս Երեց, «Հանգիտագիրք», բնագիրը պատրաստեցին և աշխարհաբարի փոխադրեցին Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանը, գլխ. խմբագիր՝ Վահան Բայբուրդյան, խմբագիր՝ Հասմիկ Կիրակոսյան, «Ալիք» տպարան, Թեհրան, 2017 թ., 330 էջ + 8 նկար

  Հայ պատմագրությունը հարստացավ ևս մեկ սկզբնաղբյուրով: Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» բնագրի և աշխարհաբար փոխադրության ամբողջական  հրատարակությամբ առաջին անգամ շրջանառության մեջ է մտնում մի երկ, որը շատ կարևոր սկզբնաղբյուր է իրանահայ գաղթօջախի, հատկապես Փերիա, Բուրվառ, Նոր Ջուղա գավառների պատմության և ընդհանրապես Իրանի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրման համար: Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու Պատմության ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1665-1789 թվականները, այսինքն՝ Իրանում Սեֆյան հարստության Շահ Աբբաս Երկրորդի կառավարման վերջից մինչև Մուհամմադ խանի և Լութֆալի խանի ժամանակները: Նվիրված լինելով 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի պատմությանը՝ գիրքն ընդգրկում է տվյալների ավելի լայն շրջանակ. Ստեփանոս Երեցի Պատմությունը կարևորագույն տեղեկություններ է պարունակում նաև հարևան երկրների՝ Աֆղանստանի, Հարավային Կովկասի երկրների, հատկապես Վրաստանի պատմության վերաբերյալ:
  «Հանգիտագիրքը» մեզ է հասել երկու ձեռագրով: Բնագիրը Նոր Ջուղայի ձեռագրատանը պահվող թիվ 654 մատյանն է:  Երկրորդ մատյանը պահվում է Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, որը 1945-1946 թվականներին Ջուղայի ձեռագրից ամբողջությամբ ընդօրինակել է իրանահայ բանասեր Լևոն Մինասյանը (ՄՄ, ձեռ. 10555):
  Բնագիրը հրատարակվում է Ջուղայի ձեռագրի հիման վրա: Այն բաղկացած է 488 էջերից: Հիմնական մասը կազմում է քառասունմեկ գլուխներից բաղկացած Պատմագիրքը, ունի առաջաբան և հիշատակարան, անհասկանալի բառերի բառարան: Ձեռագրում տեղ են գտել նաև Ստեփանոս Երեցի հեղինակած տաղերը:
  Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը և Լուսինե Թումանյանը: Առաջաբանը գրել է պ. գ. դ., իրանագետ Վահան Բայբուրդյանը, իսկ ծանոթագրությունները՝ Վահան Բայբուրդյանը և Մատենադարանի ավագ գիտաշխատող, իրանագետ Հասմիկ Կիրակոսյանը:
  Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում՝ Փերիո Կրթասիրաց միության վարչության նախաձեռնությամբ:

Կիսվել