Ռուբեն Գալչյան, «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2017, 164 էջ
Սեպտեմբերի 15-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում կայացավ Մատենադարանի նվիրատու և բարեկամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Աշխատությունը պարունակում է բոլոր հայերեն քարտեզների արտատպումները, որոնք գծագրվել կամ հրատարակվել են մինչև 1918 թվականը: Գրքում ներկայացված է ավելի քան 140 քարտեզ: Գրքի անգլերեն հրատարակությունն իրականացրել է Լոնդոնի «Bennet & Bloom» հրատարակչությունը:
Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Վ.Տեր-Ղևոնդյանը շեշտեց գրքի բացառիկ պատմագիտական արժեքը և նշեց, որ Ռուբեն Գալչյանի նոր աշխատանքը հայ պատմագիտական մտքի նվաճումներից է:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա.Մելքոնյանն իր ելույթում բարձր գնահատեց Ռ.Գալչյանի կատարած հսկայածավալ աշխատանքը` նշելով, որ վերջինիս շնորհիվ նոր մոտեցում ձևավորվեց, համաձայն որի, համաշխարհային քարտեզագրության մեջ մենք կանք, և աշխարհը կա մեր քարտեզագրության մեջ:
Արդյունաշատ համագործակցության և այդ համագործակցության շարունակականության մասին խոսք ասաց նաև «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչը:
Այնուհետև աշխատությունը հանգամանալից ներկայացրեց հեղինակը՝ Ռուբեն Գալչյանը: «Հայի համար քարտեզը այլ կարևորություն ունի, և դա միայն ճանապարհորդելով չի սահմանափակվում։ Մեզ մոտ քարտեզը հոգեբանական, հաճախ ենթագիտակցական, ներքին մղման գործառույթ է կատարում, որպեսզի հիշենք այն, ինչ կորցրել ենք. հայերեն քարտեզը մեր հիշողության երաշխավորն է»,- մասնավորեցրեց Ռ.Գալչյանը:
Շնորհանդեսի ավարտին Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վ.Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի նվիրատու և բարեկամ Ռ.Գալչյանին հանձնեց Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ: Արարողության ավարտից հետո ներկաները հրավիրվեցին ցուցասրահ՝ Մատենադարանում ցուցադրվող քարտեզները (այդ թվում` Ռ.Գալչյանի նվիրաբերած) դիտելու համար։