Մատենադարանի «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի բարերար-նվիրատուների շարքը համալրվեց:
2018թ. մարտի 10-ին «Մաշտոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդի Քեշիշյանի և Արիզոնայի համալսարանի վաստակաշատ պրոֆեսոր Արա Փիլիպոսյանի միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի Արա Փիլիպոսյանը “Մաշտոց” հիմնադրամին նվիրատվություն կատարեց, ստեղծվեց նոր ֆոնդ՝ ի հիշատակ իր ծնողների՝ Վիգեն և Էլլա Փիլիպոսյանների:
Ֆոնդը նպատակ ունի աջակցել Մատենադարանի կրթական և գիտական ծրագրերի իրականացմանը: Արա Փիլիպոսյանը մասնագիտությամբ քիմիկոս-ճարտարագետ է: Ավարտել է Թաֆթս համալսարանի քիմիական ճարտարագիտության ֆակուլտետը և 1992 թ. ստացել դոկտորի գիտական աստիճան: 2004 թ. հանդիսանում է նաև «Araca Incorporated» ընկերության համահիմնադիրը, նախագահը և գործադիր տնօրենը: Դոկտոր Փիլիպոսյանը գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ է (110 հոդված տարբեր ամսագրերում և 165 հոդված զեկուցումների ժողովածուներում):
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նվիրատու Արա Փիլիպոսյանին հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ և հուշամեդալի վկայականը: