Այսօր ժամը 16:00-ին Երևանի Ավագ Պետրոսյան 2 հասցեում տեղի ունեցավ Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն, ակադեմիկոս, ականավոր հայագետ, հայ միջնադարյան փիլիսոփայության խոշոր գիտակ Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, Սեն Արևշատյանի դուստրը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Միրումյանը: Օրհնության խոսք հղեց Տ. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Միջոցառմանը մասնակցում էին Սեն Արևշատյանի հարազատները, Մատենադարանի աշխատակիցները, վաստակաշատ գիտնականներ, հոգևոր հայրեր, մշակույթի գործիչներ:
Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման առաջարկը ներկայացրել էր Մատենադարանի տնօրինությունը: