ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում 2018 թվականի սեպտեմբերի 12-15-ը տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 8-րդ միջազգային սեմինարը:
  Սեմինարի մասնակիցներն էին՝ ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Վրաստանի վերականգնողները, թանգարանագետները և արխիվագետները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները։
  Սեմինարը ներառում էր վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, շնորհանդեսներ, մշակութային ծրագրեր և այլն։
Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ մի շարք հեղինակավոր կառույցներից՝ Վերականգնման պետական գիտահետազոտական ինստիտուտ (ГосНИИР), Ակադեմիկոս Ի.Է. Գրաբարի անվան համառուսական գիտական վերականգնման կենտրոն, Ռուսաստանի պետական գրադարան, Եվրասիայի գրադարանների ասամբլեա, Ռուսական թանգարան, Պետական Էրմիտաժ, ինչպես նաև Համագործակցության երկրների ազգային արխիվիների և գրադարանների ներկայացուցիչները:
  Հանդիպման նպատակն էր` թանգարանների, արխիվների և գրադարանների վերականգնողների, երիտասարդ աշխատակիցների հմտությունների և գիտելիքների, որակավորման, գործնական և տեսական իմացությունների մակարդակի, ստեղծագործական մտածելակերպի բարձրացումը, ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների կիրառման համաշխարհային փորձի յուրացումը։
  Բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: Միջազգային սեմինարի շրջանակներում Մատենադարանը Ե.Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանին հանձնեց Կոմիտաս Վարդապետի վերականգնված արխիվային փաստաթղթերը։ Միջազգային սեմինարը կայացավ ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի համագործակցությամբ:

Կիսվել