ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՀՆԱՏԻՊ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՐՔԵՐ ԵՎ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տեսասրահում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Նյու Յորքում բնակվող Արմինե Մինասյանը, իր հոր անձնական գրադարանից Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց 21 միավորից բաղկացած 1668-1912թթ. հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես եկան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, Հայագիտական տպագիր գրականության և մամուլի բաժնի վարիչ Ռայա Բլբուլյանը և նվիրատուն՝ Արմինե Մինասյանը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Արմինե Մինասյանին հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ: Լևոն Մինասյանը շուրջ 80 գրքերի հեղինակ է, պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Հակոբ Մեղապարտ» շքանշանով, Կիլիկյան ասպետի, Վ.Սարոյանի մեդալներով, Նոր Ջուղայի բարեգործական ընկերակցության մեդալով:
Լևոն Մինասյանը եղել է Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի թանգարան-տպարանի տնօրենը: 1997թ. Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնը Լևոն Մինասյանին արժանացրել է 1996-1997 թվականների «Տարվա մարդ» կոչմանը:

Կիսվել