ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՄԵՍՐՈՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 18-ին Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի սրահում կայացավ «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Զաքսեն-Անհալտի երկրամասի գիտության նախարարն ու Մշակույթի պետքարտուղարը, Հալլեի համալսարանի ղեկավարությունը, մեծ թվով դասախոսներ, ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Մատենադարանի տնօրենը շնորհավորեց «Մեսրոպ» կենտրոնի հոբելյանը, ընդգծեց տնօրեն, պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանի մեծ վաստակն այդ կենտրոնի կայացման գործում: Վ. Տեր֊Ղևոնդյանը նշեց, որ «Մեսրոպ»-ը Գերմանիայում հայագիտական միակ ամբիոնն է և մաղթեց, որ այն ստանա մշտական ամբիոնի կարգավիճակ։ Հանդիսության ժամանակ գնահատանքի խոսք ասաց Թեո Վան Լինտը (Օքսֆորդ), Հայաստանի քաղաքական իրավիճակը ներկայացնող վերլուծական ելույթ ունեցավ Աշոտ Ոսկանյանը (ՀԱՀ): Խոսքով հանդես եկավ նաեւ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հաջորդ օրը` հոկտեմբերի 19-ին, կայացավ մեկօրյա գիտաժողով «Գերմանիան և Հայաստանը գիտության, մշակույթի և կրթության ասպարեզում» խորագրով։ Զեկուցումներով հանդես եկան 12 ճանաչված մասնագետներ հայագիտության տարբեր ճյուղերից` թե՛ Հայաստանից, թե՛ Գերմանիայից (Բեռլին, Մյունխեն, Յենա, Հալլե, Էռլանգեն-Նյուրնբերգ) ու Մեծ Բրիտանիայից (Օքսֆորդ)։ Մատենադարանի տնօրեն Վ.Տեր- Ղևոնդյանը գիտաժողովում հանդես եկավ «Մատենադարանի օտարալեզու ֆոնդերը» զեկուցումով. մեկ ակնարկով Մատենադարանի տնօրենը ներկայացրեց Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերի հարուստ հավաքածուն։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը միջոցառման ընթացքում «Մեսրոպ» կենտրոնի տնօրենին պարգեւատրեց նախարարության ոսկե մեդալով:

Կիսվել