ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին Պրահայի Ստրահովյան նշանավոր վանքի գրադարանի Աստվածաբանական դահլիճում, որը համարվում է Եվրոպայի հնագույն և շքեղ գրադարաններից մեկը, տեղի ունեցավ «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևոր արվեստը և երաժշտությունը միջնադարյան ձեռագրերում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավճյանը, մի շարք երկրների դիվանագիտական այրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ:
  Խոսքով հանդես եկան Ստրահովյան վանքի գրադարանների և թանգարանների պատասխանատու Է. Գ. Շիդլովսկին, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանությունից Հայր Վահանը և ցուցահանդեսի համակարգող և կատալոգի հեղինակ Հայկ Ութիջեանը:

Մատենադարանի փոխտնօրենը մասնավորապես նշեց, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված հայ արվեստին նվիրված ընդգրկուն ցուցահանդեսում նույնպես հայերեն ձեռագրերին կարևորագույն տեղ է հատկացվել, քանի որ ձեռագիր գիրքը հայկական մշակութային ժառանգության գլխավոր բաղկացուցիչներից մեկն է:
  Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են Մաշտոցյան Մատենադարանի մի շարք ձեռագրերի բնօրինակներ և ընդօրինակություններ, երեք ձեռագիր Վիեննայի Մխիթարյանների հավաքածուից, երկու ժապավենաձև Հմայիլ Բասմաճեան մասնավոր հավաքածուից (Փարիզ) և մի քանի այլ նմուշներ, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս հայ հոգևոր մշակույթի՝ մասնավորապես մանրանկարչության և երաժշտական արվեստի մասին: Ցուցահանդեսի նյութերը հանգամանորեն ներկայացված են ծավալուն կատալոգում:
Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 5-ը:

 Ի դեպ պարզվեց, որ Ստրահովյան գրադարանում պահվում է մի հայերեն ձեռագիր՝ «Ստեփանեան Քերականութիւն», գրված 1726 թվականին Ստանիսլավովում, որի նախնական նկարագրությունը տեղում կատարեց ցուցահանդեսի առիթով Պրահա ժամանած Մատենադարանի ավագ գիտաշխատող Դավիթ Ղազարյանը:

Կիսվել