ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Մատենադարանի միջազգային կապերի բաժնի և գործընկեր համալսարանների համագործակցության արդյունքում, Եվրամիության «Erasmus+»-ի ծրագրի շրջանակներում Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների համար հասանելի են փոխանակման ծրագրեր հետևյալ համալսարաններում՝ Լուվենի Կաթոլիկ համալսարան (Բելգիա), Տուշիայի համալսարան, Բոլոնիայի համալսարան, Հռոմի 3 համալսարան (Իտալիա):

  Մասնավորապես Լուվենի կաթոլիկ համալսարանի և Մատենադարանի միջև մշակվել ու հաստատվել է համագործակցություն՝ դասախոսների, երիտասարդ գիտնականների և ասպիրանտների փոխանակման ծրագիր, որի շրջանակներում վերջին 4-5 տարիների ընթացքում Մատենադարանի գիտական աշխատակազմի առնվազն 6 անդամներ Լուվենի համալսարանում դասախոսություններ են կարդացել, և մոտ 10-ը երիտասարդ գիտնականներ ու ասպիրանտներ մասնակցել են մասնագիտական կրթության դասընթացների:
  2019 թ. ապրիլ-մայիս ամիսներին Մատենադարանից երեք գիտաշխատող՝ Նազենի Ղարիբյանը, Լիլիթ Հովսեփյանը և Լուսինե Սարգսյանը, մեկնել են Բելգիա՝ Լուվենի Կաթոլիկ հալասարանում դասախոսություններ կարդալու: Մատենադարանի գիտաշխատողները եվրոպացի ուսանողներին ներկայացրեցին իրենց վերջին ուսումնասիրությունների արդյունքները: Նազենի Ղարիբյանի դասախոսությունը նվիրված էր վաղ միջնադարյան Հայաստանի և Վրաստանի գավիթների կառուցվածքին և գործառնական նշանակությանը, ինչպես նաև հայերեն Աստվածաշնչի բնագրում Ճարտարապետական եզրերին և դրանց մեկնաբանությանը: Լիլիթ Հովսեփյանը դասախոսություն կարդաց Նարեկյան դպրոցի և «Երգ երգոցի» մեկնության ավանդույթի, միջնադարյան հոգևոր և աշխարհիկ բանաստեղծության հետ նրա այլաբանական խորհրդանիշների կապի վերաբերյալ: Լուսինե Սարգսյանը ներկայացրեց մանրանկարիչ Ավագի արվեստը (Հին և Նոր Կտակարանների նկարազարդման համակարգը), ինչպես նաև դասախոսություն Ռումինիայի հայերեն ձեռագրերի վերաբերյալ: Մատենադարանի և Լուվենի Կաթոլիկ համալսարանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակվում է: Առաջիկա օրերին Մատենադարանը Լուվենի Կաթոլիկ համալսարանից կհյուրընկալի պրոֆեսոր Յոհաննես դեն Հայերին, որի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Կիսվել