ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆԵՄԵՍԻՈՍ ԵՄԵՍԱՑՈՒ «ՄԱՐԴՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի Բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող Կարինե Մոսիկյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» երկը աշխարհաբարով: 4-րդ դարի բժիշկ և փիլիսոփա Նեմեսիոս Եմեսացու այս գործը հին հունարենից հունաբան հայերեն են թարգմանել Ստեփանոս Սյունեցին և Դավիթ Հյուպատոսը, 717 թ. Կոստանդնուպոլսում: Այն մեծ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան մարդակազմական և բժշկագիտական մտքի ձևավորման և զարգացման վրա: Ներկա աշխատությամբ երկը հայ ընթերցողին ներկայացվում է հին հայերեն թարգմանությունից արդի հայերեն թարգմանությամբ, իսկ ծանոթագրություններում բերվում են բնագրի տարբեր հատվածներին համապատասխանող միջնադարյան հայ հեղինակների կատարած մեկնությունները՝ զուգահեռ թարգմանությամբ: Երկում առկա՝ անտիկ և վաղ քրիստոնեական շրջանի տարբեր հեղինակներից մեջբերումները, որոնք հետևողականորեն ներկայացնում են ժամանակաշրջանի համար ընդունված տարբեր գաղափարներ, ընդհանուր գծերով մեկնաբանված են առաջաբանում:
Գիրքը պարունակում է բնագրի թարգմանությունը, վերլուծական առաջաբան և ընդարձակ ծանոթագրություններ: Քննական բնագիրը՝ գրաբարով Կարինե Մոսիկյանը հրատարակել է 2019 թ. (գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ):
Աշխատությունը հրատարակվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ: Գրքի խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը: Հրատարակությանն աջակցել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ:
Գիրքը կարող եք ձեռք բերել Մատենադարանի գրախանութից, իսկ առաջաբանին ծանոթանալ այստեղ:

Կիսվել