![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/12/403621965_740065761482157_5238258515695841252_n-809x1024.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/12/403607479_740065768148823_5877246780927040088_n-773x1024.jpg)
«Զեյթունի Ավետարան»-ը հայ մանրանկարչության հռչակավոր ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի՝ մեզ հայտնի առաջին ստորագրված Ավետարանն է՝ գրված և ծաղկված 1256 թ.-ին կաթողիկոսանիստ Հռոմկլայում: Ձեռագրի պատվիրատուն և ստացողը Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսն է: Ըստ պահպանված տվյալների՝ Ավետարանը երկար տարիներ մնացել է Զեյթունում և դարձել տեղի Սուրենյան-Բասիլոսյան իշխանական տան սեփականությունը: 1915 թ.՝ Զեյթունի գաղթի ժամանակ Սուրենյան-Բասիլոսյան իշխան Ասատուրն Ավետարանն իր հետ տանում է Մարաշ: 1916 թ.՝ նախքան Դեր-Զոր աքսորվելը, Ասատուր իշխանն Ավետարանը հանձնում է մարշացի բժիշկ Հարություն Տեր-Ղազարյանին: Ռոսլինի սքանչելի Ավետարանը մինչև 1920 թ. մնում է Հարություն Տեր-Ղազարյանի մոտ: Նույն թվականին՝ Մարաշի հայության կոտորածի ժամանակ, Հարություն Տեր-Ղազարյանը կորցնում է Ավետարանը, որը հայտնվում է մի թուրքի ձեռքում: Վերջինս ներկայանում է Մարաշի հայոց հոգևոր առաջնորդ Խաչատուր վարդապետ Տեր-Ղազարյանին և նրան հանձնում Ավետարանը՝ ասելով, որ կրկնվող երազների մեջ իրեն հանձնարարվել է ձեռագիր մատյանը վերադարձնել հայերին:
Ահա այսպիսի դժվարին, փորձություններով լի ճանապարհ է անցել հայկական մանրանկարչության մեծագույն վարպետ Թորոս Ռոսլինի «Զեյթունի Ավետարանը», որն իր գեղարվեստական և պատմական արժեքով դասվում է միջնադարյան արվեստի գլուխգործոցների շարքին: