ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ. ԲՆԱԳՐԵՐ ԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐ» ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Աշխատաժողովն ընթանում է Մատենադարանի և Եվրոպական գիտահետազոտությունների խորհրդի «Հայաստանը որպես հանգույց. կապեր և մշակութային փոխհարաբերություններ միջնադարյան Եվրասիայում. IX-XIV դդ.» ծրագրի համագործակցությամբ:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ողջունի ուղերձ է հղել աշխատաժողվի մասնակիցներին, որում ընդգծել է հայագիտության զարգացման գործում իտալական կրթական ու մշակութային հաստատությունների ավելի քան երեքդարյա դերակատարությունը: Հայագիտական կենտրոնները կամրջելու և համախմբելու առաքելությունը ստանձնած Մատենադարանը բարձր է գնահատում Իտալիայի գիտակրթական կենտրոններում ներկայումս ընթացող հայագիտական՝ մասնավորապես միջնադարագիտական հետազոտությունները, որոնց շարքում առանձնակի նշանակություն ունի Ֆլորենցիայի համալսարանում իրականացվող ԱրմԵն ծրագիրը, որի աշխատաժողովն էլ հյուրընկալվել է Մատենադարանում:

Ուղերձը ներկայացրել, ինչպես նաև, առաջին նիստը վարել է տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը:

Աշխատաժողովի բացման արարողությանը ներկա է եղել ու ողջույնի խոսք է ուղղել ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Րիզոն:

Թեմատիկ ելույթներով հանդես են եկել գիտնականներ՝ Ֆլորենցիայի, Քեմբրիջի համալսարաններից, Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնից, Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցից, Մատենադարանից: Բանախոսների ելույթներին հաջորդել են քննարկումներ՝ հարց ու պատասխանի ձևաչափով:

Կիսվել