ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻՑ Է՝ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Ձեռագիրն ընդօրինակվել է 989թ-ին Բղենո Նորավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցում՝ Ստեփանոս քահանայի պատվերով, Հովհաննես գրչի կողմից: Ավետարանն ի սկզբանե կոչվել է «Մաղարդայի Ս.Նախավկայի նշանավոր ավետարան»: Էջմիածին տեղափոխվելուց հետո վերանվանվել է «Էջմիածնի ավետարան»:

Աչքի է ընկնում գրատեսակների բազմազանությամբ, գեղարվեստական զարդարվածությամբ. տասը խորաններով ու հինգ ավետարանական պատկերներով, ավարտուն հիշատակարանով և լավ պահպանվածությամբ:

Էջմիածնի ավետարանը կազմված է 29,5 x 34,6սմ մեծությամբ մագաղաթյա լավ մշակված հաստ թերթերից: Պրակները սկսվում են Մատթեոսի ավետարանով, այնուհետև՝ Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի ավետարաններին հաջորդում են հիշատակարանները։ Ձեռագիրը եզրափակում է «Տոնացույցը»։

Ավետարանի եզակիությունը նաև նրա փղոսկրյա կազմի մեջ է, որն իրականում պատկանում է այլ ձեռագրի:

Ուսումնասիրությունները պարզել են, որ Ավետարանն իր կազմն է կորցրել, իսկ փղոսկրյա կազմն՝ իր ավետարանը: Կազմափոխության կամ նորոգման մասին որևէ հիշատակություն չկա ձեռագրում:

Բաղաց թագավորության վերացման ու թուրքական Իսմայելի ասպատակության ժամանակ տաս հազար կտակարաններ ու ձեռագրեր, սրբություններ ու եկեղեցական սպասք ամբարվում են «Տաթևի փարթամ ու հարուստ աթոռի» մեջ, որոնցից մեկն էլ Ստեփանոսի Ավետարանն էր: Փրկված Ավետարանն, ամենայն հավանականությամբ, վերակազմվել է փղոսկրյա կազմով և 1173-ին վաճառվել: Վահրամի որդի մեծահարուստ Գուրժին գնված Ավետարանը նվիրել է Մաղարդա վանքին: Բախտակից երկու մասունք՝ ձեռագիրն ու կազմը, շուրջ ութ դար՝ 774 տարի, ապաստանել էին Մայր Արաքսի ափին ծվարած Շամբի Ձորի Մաղարդա Ս.Ստեփանոս Նախավկայի վանքում: 1847թ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կոնդակով Ավետարանը տեղափոխվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, այնտեղից էլ՝ Մաշտոցյան Մատենադարան:

Կիսվել