ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է «ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐՐՈՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Մատենադարանը, ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտի (ՀԳԻ) և ՌԴ ժողովրդական տնտեսության և Հանրային ծառայության ակադեմիային կից Հումանիտար հետազոտությունների դպրոցի հետ համատեղ, անցկացնելու է «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ» խորագրով երրորդ գիտաժողովը։ Այն տեղի կունանա Մատենադարանում 2024 թ․ հոկտեմբերի 22-25-ը։ Ինչպես որ նախորդ երկուսի ժամանակ, այս գիտաժողովում էլ արծարծվելու են առանձին հատվածների մեկնաբանություններ, ինչպես նաև մեկնության տեսական խնդիրներ։ Մեզ հետաքրքրում են և՛ առանձին հատվածների նոր մեկնաբանություններ, հատկապես երբ դրանք կնպաստեն այս կամ այն երկի բովանդակության լուսաբանմանը, և՛ անտիկ ու միջնադարյան բնագրերում խրթին հատվածների քննության ժամանակ կիրառվող տարբեր գիտությունների՝ բնագրագիտության ու հնագրության, լեզվաբանության, պատմության, գրականագիտության և փիլիսոփայության մեթոդների, ինչպես նաև մեկնության տեսական խնդիրների քննարկումը։ Ակնկալում ենք նաև անտիկ շրջանից մինչև մեր օրերը մեկնողական ավանդույթի քննությանը վերաբերող զեկուցումներ։

Խնդրում ենք զեկուցումների ամփոփումներն ուղարկել մինչև օգոստոսի 15-ը Գոհար Մուրադյանին՝ [email protected], Վսեվոլոդ Զելչենկոյին՝ [email protected], Բորիս Նիկոլսկուն՝ [email protected] կամ Նիկոլայ Գրինցերին՝ [email protected] (նամակները երբեմն spam են գնում, ուստի նպատակահարմար է, որ դիմումներն ուղարկեք միանգամից մի քանի հասցեով)։ Օգոստոսի 15-ից հետո դիմումներ չեն ընդունվելու։

Կիսվել