ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԿԱՏԱՐԻ «ԿԱՏԱՐԱ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԽԱԼԵԴ ԻԲՐԱՀԻՄ ԱԼ-ՍՈՒԼԵՅԹԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Իմ քայլը հիմնադրամի հրավերով և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և Ձեռագրատուն։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրերին ներկայացրել է Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարը, որի իրականացման արդյունքում շեշտակի կավելանա վերականգնված և թվայնացված արաբերեն ձեռագրերի քանակը, կկազմվի հավաքածուի ընդարձակ և լիարժեք ցուցակ։ Այս ամենը կնպաստի նաև արաբերեն ձեռագրերի՝ լայն գիտական շրջանառության մեջ ընդգրկելուն։

Գաղափարը մեծապես հետաքրքրել է պատվիրակությանը, և առաջարկվել է ծրագիրը քննարկել հոկտեմբերի 8-12-ը Մատենադարանում տեղի ունենալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում հրավիրված Կատարի ազգային գրադարանի տնօրեն, պետնախարար Համադ բն Աբդլազիզ ալ-Քուվարիի հետ։

Տնօրենը հյուրերին է նվիրել Մատենադարանի հրատարակությամբ լույս տեսած «Սյունյաց հոգևոր միջնաբերդը․ Տաթև» անգլերեն պատկերագիրքը։

Կիսվել