ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2024 թվականի հոկտեմբերի 14-ից 18-ը Մատենադարանի գիտաշխատողները՝ ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Գառնիկ Հարությունյանը և կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ստեփանյանը, Էրազմուս+ ծրագրով մասնագիտական վերապատրաստում են անցել Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (Հունաստան)՝ 2024-2025 թթ. ձմռան կիսամյակի գիտական անձնակազմի փոխանակման շրջանակում։

Գառնիկ Հարությունյանը Արիստոտելի համալսարանի Աստվածաբանության բաժանմունքում (School of Theology) հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է անցկացրել Աստվածաբանության ֆակուլտետի մի շարք դասախոսների հետ՝ հյուրընկալող պրոֆ. Խրիստոս Արաբացիսի (Χρήστος Αραμπατζής) համակարգմամբ։

Հոկտեմբերի 17-ին Աստվածաբանության բաժանմունքի դասախոսների առաջարկով տեղի է ունեցել Գ․ Հարությունյանի բանախոսությունը՝ նվիրված հայերեն ձեռագրերին, դրանց հավաքածուներին և հատկապես Մատենադարանին ու նրա գործունեությանը՝ “The Treasury of Manuscripts – Mesrop Mashtots Institute of Ancient Manuscripts, the MATENADARAN” խորագրով, որից հետո բանախոսը պատասխանել է ներկա ուսանող-մագիստրոսների, դասախոսների և հյուրերի հարցերին։

Տաթևիկ Ստեփանյանը Արիստոտելի համալսարանի Բանասիրության բաժանմունքում (School of Philology) մասնակցել է հունարենով անցկացվող դասընթացների՝ նվիրված հին հունարեն պոեզիային ու արձակին, ինչպես նաև այլ դասընթացների լեզվաբանության ոլորտում, լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր Դեսպինա Պապադոպուլուի (Δέσποινα Παπαδοπούλου) համակարգմամբ:

Կիսվել