ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ. «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ»

Սեպտեմբերի 5-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրության բացումը։ Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող Բախտիար Հովակիմյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
  Վահան Տեր-Ղևոնդյանն իր ելույթում նշեց հայ ժողովրդի կյանքի բոլոր ոլորտներում նորջուղայեցիների վիթխարի ներդրման փաստը։ Խոսելով Լազարյանների տոհմի մասին՝ Վ. Տեր-Ղևոնդյանը հատուկ շեշտեց Լազարյան ճեմարանի դերը Հայաստանի մշակութային կյանքում,
  Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում արևելագիտության զարգացման, ինչպես նաև դիվանագետներ պատրաստելու գործում։ «Այս տոհմը այնքան լայն գործունեություն է ծավալել իր ժամանակին, որ մինչև այսօր էլ ամբողջապես ուսումնասիրված չէ և լայն հասարակայնության ինչպես հարկն է չի ներկայացված։ …Ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ ստացան եվրոպական բարձր  մակարդակի  կրթություն՝ միաժամանակ խորապես հարգելով միմյանց կրոնն ու մշակույթը։ Դա մշակութային փոխհարստացման ու հանդուրժողականության մի բացառիկ օջախ էր, որտեղ ժողովուրդների միջև բարեկամությունը բնական մի երևույթ էր», ընդգծեց տնօրենի պաշտոնակատարը։
  Հաջորդ բանախոսը՝ Մատենադարանի աշխատակից Բախտիար Հովակիմյանը համառոտակի ներկայացրեց Լազարյան տոհմի գործունեության ընդգրկուն ոլորտները, նրանց ստացած ազնվականական բարձր տիտղոսները, Հայաստանի, Ռուսաստանի և տարբեր այլ երկրների գիտամշակութային ու սոցիալական կյանքի զանազան բնագավառներում նրանց կատարած դերը։ «Աշխարհում շատ բարերարներ են եղել, կան և կլինեն, բայց իրենց ընդգրկած ծավալներով, բազմազանությամբ Լազարյանները մրցակից չունեն», շեշտեց Բ. Հովակիմյանը։
  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, շնորհավորելով ցուցադրության բացման առթիվ, հատկապես ընդգծեց ճեմարանի արժեքն ու դերը Հայաստանի ու Ռուսաստանի գիտամշակութային կյանքում։
«Այս տարի նշում են մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի ստորագրման 20-ամյակը։ Այս թվերը հենվում են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու հոգևոր մերձավորության վրա, որոնց մեջ Լազարյանների տոհմը պատվավոր տեղ է զբաղեցնում»։
  Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ցուցաբերած օժանդակության, հատկապես կատալոգի հրատարակությանն աջակցելու համար, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին և տնօրեն Կարո Վարդանյանին՝ արժեքավոր փաստաթղթեր տրամադրելու համար, Մատենադարանի աշխատակից Բախտիար Հովակիմյանին, որը կատալոգի տեքստի հեղինակն է, Անահիտ Աստոյանին, որը կատարել է ցուցանմուշների ընտրությունն ու ծանոթագրումը, Անդրանիկ և Աշոտ Մկրտչյաններին, որոնք ձևավորել են ցուցադրությունը, Աիդա Չարխչյանին ու Ամալյա Շահումյանին՝ կատարած թարգմանական աշխատանքների համար, Արա Խզմալյանին՝ աշխատանքների համակարգման համար, ինչպես նաև Մատենադարանի՝ ցուցադրության կազմակերպմանը մասնակցած աշխատակիցներ Արմեն Մալխասյանին, Տաթևիկ Մուրադյանին և Գուրգեն Գասպարյանին։
  Այնուհետև ներկաներն անցան ցուցադրության դահլիճ, որտեղ ներկայացված են Մաշտոցյան Մատենադարանի ու Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում պահվող առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր, պատմական բացառիկ նշանակության վավերագրեր, եզակի լուսանկարներ, շքանշաններ։ Ցուցադրված են նաև ձեռագրական նմուշներ Մատենադարանի Լազարյանների ֆոնդից։
  Լազարյանները կարևոր դեր են կատարել Իրանում, հատկապես Նոր Ջուղայի հայոց կյանքում: 18-րդ դարի կեսերից հաստատվելով Ռուսաստանում՝ նրանք մեծ ներդրում են ունեցել տնտեսության ու լուսավորության ասպարեզում: Վիթխարի է նրանց դերը հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման, հայկական ու ռուսական մշակույթների զարգացման ու փոխհարստացման գործում։ Լազարյանների ուժերով 1805 թ. հիմնվել է Մոսկվայի հայկական «Վագանկովսկոյե» գերեզմանատունը, որտեղ կառուցվել է Սուրբ Հարություն եկեղեցին։ 1815 թ. իր դռներն է բացել  հռչակավոր Լազարյան ճեմարանը, այնուհետև՝ ուսումնական կենտրոնին կից տպարանը (1829 թ.) և թատրոնը։ Ճեմարանը 1827 թ. վերափոխվել է Արևելյան լեզուների ինստիտուտի, որը մեծ դեր է կատարել Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում արևելագիտության, ինչպես նաև դիվանագիտական մտքի ձևավորման գործում։ Լազարյան ճեմարանում են սովորել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։  
  Ցուցադրությունը ներկայացնում է Լազարյան տոհմի անցած փառապանծ ուղին:

Կիսվել