ՑՈՒՑԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԴԻՒԱՆԻ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

Մաշտոցեան Մատենադարանը ձեռագրական հաւաքածուից բացի ունի նաև արխիւային հարուստ հաւաքածու։ Քանի որ Մատենադարանն ամբողջ աշխարհում յայտնի է որպէս ձեռագիր մատեանների խոշոր կենտրոն, այս և մի շարք այլ հանգամանքների պատճառով արխիւային հաւաքածուն անհրաժեշտ ուսումնասիրութեան չի արժանացել։ Հաւաքածուի ամենաարժէքաւոր ֆոնդը Կաթողիկոսական դիւանն է։ Այս ցուցակի շնորհիւ վաւերագրերի պարունակած ամբողջական և ճշգրտուած տեղեկութիւնները գիտական շրջանառութեան մէջ կդրուեն։
Կաթողիկոսական դիւանի ցուցակի տպագրութիւնն իրականանում է առաջին անգամ։ Սոյն հատորի լոյսընծայմամբ մատենաշարի մեկնարկի սկիզբն է դրւում։ Ճիշտ է, Դիւանի վաւերագրերի համար գոյութիւն ունեն մեքենագիր համառօտ (անոտացիոն) ցուցակներ, որոնցում, սիւնակներով ներկայացուած է վաւերագրի միայն բովանդակութիւնը (ոչ ամբողջական), ժամանակը, մեծութիւնը, գոյքահամարը, իսկութիւնը։ Պէտք է նաև նկատենք, որ Կաթողիկոսական դիւանի հաւաքածուի ինչպէս գոյացման, այնպէս և անոտացիոն ցուցակների պատրաստողների մասին տեղեկութիւններն իսպառ բացակայում են: Նախնական հաշուառմամբ՝ Դիւանն ունի 42 հազարից աւելի վաւերագիր հայերէն և այլ լեզուներով։ Հայերէն հաւաքածուն ժամանակագրական առումով ընդգրկում է 1441 թվից 1975 թուականը։
Վաւերագիրը, ինչպէս օրինակ՝ կոնդակը, հրովարտակը, ձեռագիր մատեանի նման, պատմամշակութային երևոյթ է, իր ժամանակն արտայայտող գրաւոր յուշարձան։ Ներկայ մատենաշարում վաւերագրի նկարագրութիւնը մոտեցուել է ձեռագիր մատեանի նկարագրութեանը։ Հետևապէս Ցուցակի համար լաւագոյնը և օրինակելին Մաշտոցյան Մատենադարանի հայերէն ձեռագրերի Մայր ցուցակ աշխատութեան կիրառած հարցակարգն է. վերջինիս համար էլ հիմք է հանդիսացել Յակովբոս վարդապետ Տաշեանի 1895 թ. Վիեննայում հրատարակած ձեռագրացուցակը։ Վաւերագրի դէպքում, իրեն բնորոշ առանձնայատկութիւններից ելնելով, մշակուել, ամբողջացուել և կիրառուել է 38 կէտից բաղկացած հարցակարգ՝ Մայր ցուցակի 30-ի փոխարէն։ Այստեղ ևս հարցերն ու պատասխանները դասաւորուել են՝ կարևորագոյն տեղեկութիւններն անմիջապէս տեսանելի դարձնելու սկզբունքով։
Վաւերագրի նկարագրութիւնն աշխատանքի վերջնական, աւարտական փուլն է։ Դրանից առաջ վաւերագիրը հաշվառւում է, այնուհետև՝ մշակւում, վերջում միայն՝ նկարագրւում։ Նկարագրութեան դէպքում տրւում են վաւերագրի արտաքին յատկանիշները, բովանդակութիւնը, յիշատակարանները, վկայութիւնները, ստորագրութիւնները և այլն։ Այս աշխատանքները կատարում է նորաստեղծ «Արխիւագիտութեան բաժինը»՝ բաժնի վարիչ Արմէն Մալխասեանի գլխաւորությամբ։ Ներկայումս այս կարևոր աշխատանքի մէջ ընդգրկուած են բաժնի 3 աշխատակիցներ։ Նկարագրական փուլին յաջորդում են խմբագրական աշխատանքները, ըստ հատորների հրատարակութեան պատրաստումը և ցանկերի կազմումը։ Ցանկերի մանրամասն ներկայացումը կարևոր նշանակութիւն ունի հետաքրքրող նիւթը նկարագրութիւնում հեշտութեամբ գտնելու համար։ Ներկայ մատենաշարի համար սահմանուել են հետևեալ ցանկերը՝
Ա. Ժամանակագրական ցանկ,
Բ. Նախօրինակի և յետագայ յիշատակարանների ժամանակագրական ցանկ,
Գ. Նիւթերի ցանկ,
Դ. Տեղանունների ընդհանուր ցանկ,
Ե. Անձնանունների ընդհանուր ցանկ,
Զ. Գրագիրների և թարգմանիչների ցանկ,
Է. Մեկենասների ցանկ,
Ը. Մանրանկարների ցանկ,
Թ. Կնքադրոշմների (և զմուռսների) ցանկ
Ժ. Ճնշադրոշմների ցանկ,
ԺԱ. Լուսագրերի ցանկ,
ԺԲ. Լուսապատկերների ցանկ,
ԺԳ. Յիշատակուած մատեանների ցանկ,
ԺԴ. Գոյքահամարների և ցուցակի համարների համեմատական ցանկ,
ԺԵ. Ընդհանուր աղյուսակ։
Նախատեսում ենք, որ Ցուցակը կունենայ շուրջ 50 հատոր ծաւալ։ Ա հատորի տպագրութիւնն իրականացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչութիւնը։


ԱՐՄԷՆ ՄԱԼԽԱՍԵԱՆ
Արխիւագիտութեան բաժնի վարիչ
20 նոյեմբերի 2023 թ.

ՀԱՏՈՐ Ա.
(1-413 (թղթպ. 1-7) վաւերագրերի նկարագրութիւններ)
Կիսվել